Ազգային փոքրամասնությունները միշտ էլ իշխանավորների հետ են եղել։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 11-ին, ասել է Եզդիների միության նախագահ Ազիզ  Թամոյանն՝ անդրադառնալով  քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդգրկելու հարցին։

«Ես ՀՀԿ անդամ եմ, պիտի  իրանց ձայն տամ,  բայց հարցը դեռ միության անդամների հետ չի քննարկվել։ Դեռ շուտ է, մինչեւ մարտը ժամանակ կա դեռ, ժողովրդի հետ դեռ չենք քննարկել։ Ազգային փոքրամասնությունները միշտ էլ իշխանավորների հետ են եղել, միշտ էլ էդպես է եղել»,-ասաց Ազիզ Թամոյանը։

Նշենք, որ  Սահմանադրության 89-րդ հոդվածի  2-րդ կետի եւ ընտրական օրենսդրության   համաձայն՝  կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան  2, եւ  ոչ ավելի, քան  4  ներկայացուցիչ:

Հայաստանում առավել մեծ թվաքանակով  մշտական բնակություն ունեցող առաջին 4  ազգային փոքրամասնություններն են եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը։  Եզդիական կազմակերպություններից  ԲՀԿ-ի հետ համագործակցելուն դեմ չէ միայն «Սինջար» կազմակերպությունը։