«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանին երկու ամիս անց չի տրամադրվել Հովհաննեսի ռենտգեն հետազության արդյունքները: NEWS.am-ի հետ զրույցում Հայարփի Սարգսյանը նշեց, որ ռենտգեն հետազոտության արդյունքներն հարկավոր են արտասահմանում այլ բժիշկների ներկայացնելու եւ նրա առողջական վիճակի վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալու համար:

«Ես անգամ առաջարկել եմ իմ հեռախոսով նկարել, բայց մերժել են: ՔԿՎ-ից էլ ինձ գրություն են ուղարկել՝ իբր ինձ առաջարկվել է նկարահանել ռենտգեն նկարաները, որպեսզի բժիշկները տեղում զննեն եւ ես հրաժարվել եմ: Իրենք միշտ հակասական իրավիճակներ են ստեղծում եւ միշտ հակառակ հայտարարություններ անում՝ իբր ես սուտ լուրեր եմ տարածում»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ կազմակերպվել է կոնսիլիում՝ համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ: Կոնսիլիումի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգել են հետեւյալ եզրակացության, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, Հովհաննես Հարությունյանին նշանակվել է ինտենսիվ վերականգնողական բուժում:

Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ ոտքի ծանր վիրավորում ունեցող իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ այդ քայլը նա գնահատել էր հաշվեհարդար նրա նկատմամբ:

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, իսկ պատկան մարմինները պնդում են, որ Հովհաննես Հարությունյանը կազդուրվե լէ  եւ նա ստացիոնար բուժման կարիք այլեւս չունի:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: