Հայաստանում արտադրված գինին եւ կոնյակը պետք է իսկության պատշաճ ստուգում անցնեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հաճախ նույն պիտակով, բայց երկու տարբեր խանութներից գնած գինիները որակով տարբերվում են։ Նույնը վերաբերում է կոնյակին։ Նշենք, որ հանրապետություն ներկրվում է ավելի շատ կոնյակի սպիրտ։ Իսկ դրա հիմքից ստացվող խմիչքը ներկայացվում է որպես հայկական կոնյակ։ «Այդ պատճառով այսօր ռուսական շուկայում սկսում են չգնահատել եւ անգամ արհամարհել մեր որոշ ապրանքները։ Իսկ նշանակում է, որ մենք կարող ենք կորցնել շուկայում մեր դիրքերը։ Ցավոք, ոչ միշտ են արտադրողներն անկախ փորձաքննություն անցկացնում բաղադրիչների իսկությունը ստուգելու համար»,– ասել է Պետրոսյանը։

Դա այն դեպքում, երբ գործարանները ավելի շատ են վաստակում, քան գյուղացին։ Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ հիմա 1 կգ խաղողի ինքնարժեքը կազմում է 100 դրամ, եւ այն էլ հեկտարից 20 տոննա բերք ստանալու դեպքում։ «Անգամ շատ հաջող բերքի դեպքում 1 կգ–ից գյուղացին 30 դրամ է ստանում։ Երեւանի  կոնյակի գործարանը գոնե ինչ–որ կերպ սահմանափակում է մյուսներին՝ համեմատաբար բարձր մթերման գին առաջարկելով։ Հակառակ դեպքում ուզում են գինն իջեցնել 70-80 դրամ։  Այս տարի 2 խոշոր մթերող գինն իջեցրին 150-ից մինչեւ 130 դրամ, իսկ մյուսներն իջեցրին մինչեւ 80 դրամ։ Ինքներդ կարող եք հաշվել, թե որքան է մնում գյուղացուն։ Մյուս կողմից 130 դրամով խաղող գնելով՝ գործարանները գինին մանրածախ վաճառում են 1500 դրամ եւ ավելի գնով։ Թեպետ 1 կգ խաղողից միջինում ստացվում է 700 գ գինու նյութ, հենց այնքան, որքան պետք է 0.7- տոկոսանոց մեկ շշի համար։ Ես հասկանում եմ, որ վերամշակման ծախսեր կան, բայց նման բարձր գին…

Եվ դրանից հետո գործարաններն ասում են, որ խաղողի ինքնարժեը պետք է ավելի ցածր լինի։ Իրոք, այդպես պիտի լինի, բայց դրա համար ինտենսիվ տեխնոլոգիաներ են պետք, մեխանիզացիայի մակարդակը բարձրացնել։ Դրա համար լուրջ ներդրումներ են պետք։ Իսկ հասանելի՞ է դա գյուղացուն։ Գյուղացու եւ նրա աշխատանքի նկատմամբ պետության վերաբերմունքը չի փոխվում»,– նշեց նախկին փոխնախարարը։