Ըստ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ի հետ ձեռք բերած համաձայնության՝ Վրաստանը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազ կստանա ոչ թե հազար խ/մ–ի դիմաց 215 դոլարով, այլ 185 դոլարով։ Այս մասին ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։

Մինչեւ հիմա Վրաստանը Հայաստան մատակարարվող ռուսական գազից ստանում էր 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար։ Վրաստանի եւ «Գազպրոմ էքսպորտի» միջեւ պայմանավորվածությունը լրացել էր հունվարի 1-ին։ Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պահանջում էր տարանցման համար գումարով վճարել, այլ ոչ թե գազով։ «Կառավարությունը քննարկել է այդ առաջարկը եւ որոշել համաձայնություն կնքել։ Այդ պայմանագրով ես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի մեծանում։ Փոխվում է միայն վճարման ձեւը, ինչը նշանակում է անցում կատարել հումքով վճարման»,– ասել է Կալաձեն։

«Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, որն անհրաժեշտ է վճարել Վրաստանին, ապա այն կլինի եվրոպական երկրներում ամենաբարձրը»,– ընդգծել է նախարարը։

Քալաձեն նշել է, որ «Գազպրոմի» հետ երկամյա համաձայնագիր է կնքվելու։ «Համաձայնությունը կարճաժամկետ է, իսկ վճարման առաջին տարին հումքով վճարումը մասամբ կմնա, իսկ հետո կշարունակվի գումարով վճարման ձեւը։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը Ռուսաստանից գազ կստանա ոչ թե հազար խ/մ–ի դիմաց 215 դոլարով, այլ 185 դոլարով»,– ասել է Կալաձեն։