Պետությունների միջեւ վստահության բացակայությունն ու հակամարտությունները, տարերային աղետների հավանականությունը, բնակչության եկամուտների միջեւ խորացող տարբերությունը, կիբերհարձակումները եւ միգրանտները 2017-ին մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներն են։ Այս մասին է վկայում Global Risks Report 2017 ամենամյա զեկույցը, որը հրապարակվել է հունվարի 11-ին, հայտնում է DW–ն։

Փաստաթղթի հեղինակները նշել են 30 գլոբալ ռիսկեր, որոնք բաժանել են 5 կարգի՝ տնտեսական, բնապահպանական, աշխարհաքաղաքական, սոցիալական եւ տեխնոլոգիական։

Առաջին տեղում է բնապահպանական կարգը։ Այս ոլորտի 3 կետերը՝ էքստրեմալ եղանակային պայմանները, տարերային աղետները եւ էկոլոգիական աղետների մարդածին ռիսկերը 2017-ի ամենահավանական ռիսկերի ցուցակում են։

Աշխարհաքաղաքական ռիսկերն իրենց նշանակությամբ երկրորդն են։ Դրանց թվում առաջինը խոշոր ահաբեկչություններ են, հետո պետությունների միջեւ հակամարտությունները եւ ոչ արդյունավետ պետական կառավարումը։ Ըստ փորձագետների՝ վերջինի հետեւանքն է Սիրիայի հակամարտությունը, որը միգրացիոն ճգնաժամի պատճառ է դարձել։

Երրորդ տեղում տեխնոլոգիական ռիսկերն են՝ անձնական տվյալների յուրացումը կամ դրանց հետ խարդախությունները, ինչպես նաեւ խոշոր կիբերհարձակումները։