Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյունի հետեւանքով հունվարի 9-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 70-ամյա Նարիման Մ.-ի վիճակն արդեն լավ է: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանից: Նա նշեց, որ 70-ամյա քաղաքացու վիճակն արդեն լավ է, նա  Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նեյրովիրաբուժական բաժանմունք:

Ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ տուժածի հարսը՝ 38-ամյա Թերեզա Ա.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմանում, տան բակում տեղակայված փայտե ինքնաշեն կաթսայատանը էլեկտրաէներգիայի ժամանակավոր բացակայության պատճառով օդի ճնշման գոյացումից պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ամուսնու հայրը՝ 70-ամյա Նարիման Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: