Մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը սուր քննադատության է ենթարկել նախօրեին Բաքվում բլոգեր Մեհման Հուսեյնովի առեւանգման եւ խոշտանգման փաստը։

«Քաղաքացիներին ահաբեկելու, տուգանելու, կալանավորելու եւ վատ վերաբերվելու փաստերին պետք է վերջ դրվի»,– գրել է Մուժնիեկսը Թվիթերում, հայտնում է contact.az–ը։

Բլոգեր Մեհման Հուսեյնովը դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Ադրբեջանի ՔՕ 535.1 հոդվածով՝ ոստիկանության չենթարկվելը։ Դատարանից դուրս գալով՝ բլոգերն իրեն դիմավորող գործընկերներին հայտնել էր, որ ոստիկանությունում կտտանքների է ենթարկվել քաղաքի կենտրոնում ապօրինի ձերբակալվելուց հետո։ «Ինձ վրա 8 մարդ հարձակվեցին, բերանս փակեցին, գլխիս վրա պարկ հագցրին, էլեկտրաշոկերով հարվածեցին եւ խցկեցին մեքենան։ Ճանապարհին քթիցս արյուն էր գնում։ Նրանք հույս ունեին, որ ես ներողություն կխնդրեմ, բայց ես դա չարեցի։ Ինձ ինչ–որ տեղ տարան, սկսեցին ծաղրել եւ վիրավորել։ Ես նրանց ասացի, որ ինչ էլ ինձ հետ անեն, ես իմ աշխատանքից չեմ հրաժարվի»,– ասել է բլոգերը։