ԱՄՆ-ը կատարում է Լեհաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները, Նյու Յորք կատարած այցից հետո հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

Լեհ նախարարը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի աշխատակիցները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր համագործակցությունը չի իրականացվի Լեհաստանի հաշվին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Լեհաստանին վստահության արժանի դաշնակից է համարում, որը պաշտպանության համար համապատասխան դրամական միջոցներ է հատկացնում, ինչը ծառայում է ԱՄՆ-ի շահերին, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Այցի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հենրի Քիսինջերի եւ գեներալ Մայքլ Ֆլինի հետ, որոնք, նախարարի խոսքով, կմտնեն նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդատուների շտաբի մեջ: Վաշչիկովսկին նշել է, որ նրանք հասկանում են Եվրոպայի խնդիրները, նաեւ այն սպառնալիքները, որոնց առաջ Լեհաստանը կանգնած է: