Իսպանիայի ոստիկանությունը այսպես կոչված «վրացական մաֆիայի» դեմ նոր գործողություն է իրականացրել։ Խմբավորումը զբաղվում է բնակարանային գողությամբ։ Ձերբակալվել է մինչեւ 61 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Բնակարանային գողության վրա կենտրոնացած վրացական մաֆիային հարված է հասցվել։ Հետաքննությունն ընթանում է 2016 թվականի սկզբից, երբ մեծացել էր նման հանցագործությունների թիվը։ Առաջին կալանքներն իրականացվել են հունիսին։ Ընդհանուր առմամբ այս պահին կալանավորված է 61 մարդ»,– ասել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Կոնսեպսիոն Դանկաուսան։

Իսպանացի իրավապահ մարմինների գնահատմամբ՝ դա Իսպանիայում «վրացական մաֆիայի» դեմ ամենախոշոր գործողությունն է եղել։ «Դժվար է նշել կոնկրետ հանցագործությունների թիվը։ Խոսքը շատ մեծ գումարի մասին է»,– ասել է ոստիկանության ներկայացուցիչը։