Վրաստանին ցանկալի կլիներ Իրանից գազի լրացուցիչ ծավալներ ձեռք բերել, սակայն ռուսական կողմն, օգտագործելով Հայաստանի գազափոխադրման համակարգում մենաշնորհային դիրքը, կարծես Թբիլիսիին այլ ելք չի թողնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Անդրադառնալով Վրաստանի եւ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությանը՝ տնտեսագետը նշեց. «Մի բան հստակ է՝ չնայած Վրաստանը համաձայնվել է գազը ֆիզիկական ծավալներով չստանալուն, ռուսական կողմի գումարային վճարումը համարժեք կլինի հումքով վճարելուն: Այս տեսակետից Վրաստանը պետք է վնաս չկրի»:

Երկրորդ, շարունակեց Եղիազարյանը, ակնհայտ է, որ Ռուսաստանն ինքն է ձգտում դառնալ Վրաստանին գազ մատակարարողը այն չափով, որը թույլ է տալիս մեր հարեւանների լրացուցիչ պահանջարկը: «Այս պահին սխալ է ասել, որ դա համընդգրկուն համաձայնագիր է եւ կողմերին բավարարում է: Սա կարող է միջանկյալ որոշում լինել, քանի որ գործող պայմանագրի ժամկետը լրացել է»,- նշեց Աշոտ Եղիազարյանը:

Վրաստանի էներգետիկայի նախարար  Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ իր երկիրը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազ կստանա ոչ թե 1 խորանարդ մետրի դիմաց 215 դոլարով, այլ 185: