Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընգրկվել-չընդգրկվելու հարցը դեռ չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ  կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կուսակցության գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը:

Մինչ գործադիր մարմինը կքննարկի վարչապետի ցուցակում ընդգրկվելու հարցը՝ ընդգծենք, որ  նոր Սահմանադրությամբ արդեն իսկ բացառվում է այն, քանի որ 48-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը  2011-ից 2016-ը «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այսինքն՝ չորս տարվա մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։

Նոր Սահմանադրությամբ վերջին չորս տարվա մշտական բնակության պահանջը վերաբերում է նաեւ վարչապետի պաշտոնին, սակայն այդ դրույթը ուժի մեջ է մտնելու 2018 թվականից հետո, ինչը նշանակում է, որ  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ-ն կարող է առաջադրել վարչապետի պաշտոնում։ Իսկ եթե նա դառնա վարչապետ, ապա կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2018 թվականը։