ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում բժիշկ-մասնագետը, հունվարի 10-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:

Նա նշեց, որ այցի ընթացքում կատարվել են Հովհաննես Հարությունյանի պահման պայմանների, նրա իրավունքների ապահովման, ինչպես նաեւ բուժօգնության կազմակերպման վիճակի ուսումնասիրության աշխատանքներ:

Հովհաննես Հարությունյանը, թեեւ առանձնազրույցի ընթացքում իր նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել, այնուհանդերձ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ խուցը, որտեղ պահվում է Հովհաննես Հարությունյանը, գերբեռնված է: Արձանագրել են նաեւ, որ Հովհաննես Հարությունյանը տեղաշարժվում է ինքնուրույն՝ առանց հենակների:

Այցի ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջվել են պարզաբանումներ եւ ներկայացվել առաջարկություններ:

Ավելի վաղ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ ոտքի ծանր վիրավորում ունեցող իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ այդ քայլը նա գնահատել էր հաշվեհարդար նրա նկատմամբ:

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, իսկ պատկան մարմինները պնդում են, որ Հովհաննես Հարությունյանը կազդուրվել է  եւ նա ստացիոնար բուժման կարիք այլեւս չունի:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: