Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող հյուրանոցներում բնակության համար օտարերկյա պետությունների փոխանցած վճարները փոխանցվելու են ԱՄՆգանձարանին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Շերի Դիլոնը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավաբանի խոսքով, դրանով կհաջովի խուսափել «շահերի հնարավոր բախումից»։ «Մենք վստահ ենք, որ նման քայլերի շնորհիվ հնարավոր կլինի բավարարել ընտրված նախագահի ձգտումը՝ հեռանալ իր բիզնես շահերից ու վստահեցնել մարդկանց, որ իր միակ նպատակը Ամերիկան հզորացնելն է»,- ասել է Դիլոնը։

Փաստաբանը նաեւ հայտնել էր, որ Թրամփի բոլոր ակտիվները մինչեւ երդմնակալություն փոխանցվելու են թրասթային կառավարման։ Թրամփի ընկերությունը ոչ մի պայմանագիր չի կնքելու արտասահմանում նրա նախագահության ժամանակ, իսկ երկրի ներսում բոլոր գործարքները խստորեն ուսումնասիրվելու են շահերի բախումը բացառելու նպատակով։ Ապագա նախագահը չի շփվելու իր ընկերության հետ, սակայն չի հրաժարվելու իր ակտիվներից, պարզաբանել է Դիլոնը։ Թրամփը մինչ այդ հայտնել էր, որ իր բիզնեսը փոխանցելու է երկու որդիներին։