CNN հեռուստաընկերությունը իր պաշտոնական twiter-ում հրապարակել է դիմում, որում  ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի ներկայացուցիչներից պահանջել է նշել, թե որոնք են եղել հեռուստաալիքի սխալները BuzzFeed կայքի կողմից հրապարակված փաստաթղթերի վերահրապարկման հարցում։ Այս փաստաթղթերում ասվում էր, որ Ռուսաստանը փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։

Մինչ այդ Թրամփը իր մամուլի ասուլիսի ժամանակ հեռուստաալիքի թղթակցին մեղադրել էր ֆեյքային նորություններ հրապարակելու մեջ։

«Մեր կառավարության աշխատանքի մասին՝ զգուշորեն ընտրված աղբյուրներով ռեպորտաժ հրապարակելու վերաբերյալ CNN -ի որոշումը ամբողջովին տարբերվում է BuzzFeed –ի որոշումից, որը հրապարակել է չհաստատված մեմորանդումներ։ Թրամփի շտաբը գիտի այդ մասին»,- ասվում է դիմումի տեքստում։

Հեռուստաալիքի ներկայացուցիչները նաեւ շեշտել են, որ որեւէ մանրամասներ չեն հրապարակելու այդ փաստաթղթից, քանի որ չեն կարողացել հաստատել այնտեղ շարադրված դրույթները։