Կիպրոսցի հույները դրական են համարում տարածքների քարտեզների փոխանակման փաստը, որոնք Կիպրոսի միավորումից հետո պետք է գտնվեն յուրաքանչյուր համայնքի կառավարման ներքո, դրա հետ մեկտեղ նախագահ Նիկոս Անաստասիադիսը մի շարք պահանջներ է հայտնել թուրք համայնքի ներկայացրած փաստաթղթի առումով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը: 

Չորեքշաբթի տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Անաստասիադիսը եւ թուրքական համայնքի առաջնորդ Մուսթաֆա Աքընջին փոխանակել են տարածքների քարտեզները: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի խնդրի կարգավորման հարցով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեի եւ ՄԱԿ-ի քարտեզագրի մասնակցությամբ կողմերը ներկայացրել են ապագա Կիպրոսի տարածքային բաժանման իրենց տեսլականը: Քարտեզները փոխանցվել են ՄԱԿ-ի պահպանմանը մինչեւ բանակցային գործընթացի ավարտը: Ըստ որում՝ ենթադրվում է, որ դրանք չեն հրապարակվելու, եթե բանակցության մասնակիցները համաձայնության չհասնեն:

«Տարածքների քարտեզները տատանվում են Մեն-Պելերինում համաձայնեցված սահմաններում, այսինքն՝ 28,2 տոկոսից մինչեւ 29,2 տոկոս: Ըստ էության, բանակցությունների պատմության մեջ սա քարտեզների առաջին փոխանակումն է: Մենք դա շատ դրական զարգացում ենք համարում»,- ասել է Խրիստոդուլիդիսը:

«Կան քարտեզի դրույթներ եւ ուղղություններ, որոնք մեզ չեն բավարարում, գոհացնող չէ վերջնական արդյունքը, եւ տարաձայնությունները երկրի նախագահի կողմից գրավոր ներկայացվել են»,- ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նա չի մեկնաբանել ժամանակին հույներին պատկանած Մորֆու շրջանի ապագայի հարցը, որն այժմ գտնվում է օկուպացված տարածքում, չի խոսել նաեւ Կիպրոսի նախագահի այլ դիտողությունների մասին:

Հինգշաբթի Ժնեւում տեղի կունենա բազմակողմ համաժողով՝ երեք երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ դիտորդների մասնակցությամբ, որի պատվիրակության կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: