Բեյրութի օդանավակայանից մեկնող եւ օդանավակայան ժամանող օդանավերին սպառնում են թռչունները, որոնք սնվում են հարեւան աղբանոցում, խոստովանել է Լիբանանի տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆենիանոսը, փոխանցում է BBC–ն։

Նախարարը հայտարարել է, որ երկիրը բախվել է արտակարգ իրավիճակի, քանի որ թռչունները շարունակում են մնալ օդանավակայանի տարածքում։

Երեքշաբթի Middle East Airlines–ի օդանավը Բեյրութի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բախվել էր թռչունների երամին։ Ակտիվիստները կոչ են անում փակել աղբանոցը, քանի դեռ վթարներ չեն գրանցվել։

Նշենք, որ «Կոստա Բրավա» աղբանոցն օդանավակայանի մոտ հայտնվել էր 2016-ի մարտին որպես երկրում աղբի ճգնաժամի ժամանակավոր լուծում։

Սակայն նոր աղբանոցի մոտ թափոնների վերամշակման գործարանն այդպես էլ չկառուցվեց, այնինչ  աղբի բարձրությունն արդեն հասել է 9 մետրի։