Ավստրիայի կանցլեր Քրիսթիան Կերնը ցանկանում է տեղի գործատուներին իրավունք վերապահել աշխատանքի ընդունելիս ավստրիացիներին նախընտրել Եվրամիության երկրների քաղաքացիներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ներկայումս միավորված Եվրոպայում գործում է աշխատանքի ընդհանուր շուկա՝ ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները միության ցանկացած երկրում աշխատանքի ընդունվելիս օրենքով հավասար իրավունքներ ունեն: Օրենսդրությամբ արգելվում է որեւէ երկրի քաղաքացիներին նախապատվություն տալը:

Կերնը խոստացել է համապատասխան խնդրանքով ԵՄ առաջնորդներին դիմել տնտեսական զարգացման 10-ամյա պլանին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս:

«Արեւելյան Եվրոպայի երկրները իրենց գործազուրկներին Ավստրիա են արտահանում»,- հայտարարել է սոցիալ-դեմոկրատ Կերնը՝ ելույթ ունենալով Վելս քաղաքում, որտեղ ընտրություններում հաղթել է ուլտրաաջ Ազատության կուսակցությունը:

Կերնի խոստումը դիտորդները գնահատել են որպես ընտրողներին գրավելու փորձ, որոնք համակրում են ուլտրաաջերին:

Անցյալ տարի նախագահական ընտրություններում Ազատության կուսակցության թեկնածուն երկրորդն էր: Կերնի կուսակցությանը աջակցում է ընտրողների մոտ 27 տոկոսը: