Հանրապետական հիվանդանոցում ավարտվել է Վրաստանի նախագահի փեսայի վիրահատությունը, որը վիրավորվել է Թբիլիսիի կենտրոնում:

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության տարածած նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա հնրազենով մեկ անգամ են կրակել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել:

Վկայակոչելով Վրաստանին ՆԳ նախարարությանը՝ հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաեւ նրա ընկերը: Երկրորդ տուժողի անունի չի հաղորդվում: Նրան նույնպես հանրապետական հիվանդանոց են տեղափոխել:

Հայտնի է, որ երկու դեպքում էլ հետաքննություն է սկսվել՝ 118 եւ 236 հոդվածների հանցակազմով՝ մարմնական թեթեւ վնասվածքներ պատճառելը եւ ապօրինի զենք պահելը:

Բժիշկները երկու տուժածների առողջական վիճակի վերաբերյալ առայժմ մեկնաբամություններ չեն տվել:

Դեպքի վայրն արգելափակված է, այնտեղ քրեագետներն են աշխատում:

Արդեն հաղորդվել է, որ Մինդիա Գոգոչուրին ամուսնացած է Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի առաջին ամուսնությունից ունեցած աղջկա հետ: