Երեւանում գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, եւ շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձեւավորման «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպմանը մասնակցել են նաեւ ենթախորհրդատուներ «Ամերիա» ՓԲ եւ «Ֆիմոշնս» ընկերությունների  ներկայացուցիչները: Ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաեւ` ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգ:

Կարեւորելով մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տրանսպորտային բարեփոխումները մայրաքաղաքի բնակչությանը հուզող ամենակարեւոր խնդիրներից են, որի մասին վկայում են վերջին սոցհարցումները, ըստ այդմ, Երեւանի քաղաքապետարանի համար խնդրի լուծման գործնական փուլին անցնելը նաեւ օրակարգային է: Վահե Նիկոյանը նաեւ մանրամասնել է մայրաքաղաքում երթուղային ցանցի խնդիրները, ներկայացրել նախորդ խորհրդատուի  կողմից կատարված աշխատանքը:

«Գործող տրանսպորտային համակարգն արդյունավետ չէ, եւ շուրջ 2 տարի առաջ այս ուղղությամբ սկսված գործընթացի արդյունքներն ու ձեռքբերումները մեզ համար, ցավոք, բավարար չեն: Այժմ, նոր խորհրդատուի առկայությամբ մենք ակնկալում ենք, որ բարեփոխումները կմտնեն գործնական փուլ եւ դրանք առաջին հերթին պետք է սկսվեն երթուղային նոր ցանցի տեխնիկական մշակումից: Նշեմ, որ կան որոշակի ուսումնասիրություններ, այդ թվում ուղեւորահոսքի եւ առկա վիճակի վերաբերյալ: Մենք գնում ենք համակարգային բարեփոխումների եւ ակնկալում ենք ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Բացի այդ, կարեւոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձեւավորենք եւ ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող եւ առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց», - ընդգծել է Վահե Նիկոյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է աջակցելու աշխատանքներին:

«Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ ընկերությունը, սկզբնական ուսումնասիրման փուլում ծանոթանալով գործող ցանցին եւ խնդիրներին, առաջիկա ամիսներին դրանք կամփոփի եւ կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը:

Հանդիպմանը նշվել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ կձեւավորվի նաեւ միջգերատեսչական հանձնաժողով: Ընկերության կողմից մշակված առաջարկները ներկայացվելու են նաեւ հանրային քննարկման՝ հաշվի առնելու, թե որքանով են դրանք արդյունավետ եւ ընդունելի բնակչության համար: