Եվրոպայի խորհրդի հատուկ առաքելությունը Բաքու է ժամանել, որպեսզի ուսումնասիրի Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար պարտադիր համարվող որոշումների չկատարման հանգամանքները, հայտնում է contact.az–ը։

Հունվարի 11-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Ստրասբուրգում հայտնել էր, որ ԵԽ հատուկ առաքելությունը կազմակերպության կանոնադրության 52-րդ հոդվածի հիման վրա ժամանել է Ադրբեջան։ «Առաքելությունը Բաքվում կքննարկի Իլքար Մամեդովի գործով որոշումը եւ դրա հետ կապված այլ հարցեր»,– ասել է Յագլանդը։

Նշենք, որ ԵԽ կանոնադրության 52-րդ հոդվածով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել անդամ պետության դեմ, եթե վերջինս անտեսում է կազմակերպության որոշումները եւ հրաժարվում է կատարել ստանձնած պարտավորությունները։ Այս դեպքում Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն անտեսում են եւ ցուցադրաբար հրաժարվում են կատարել ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլքար Մամեդովին ազատելու մասին ՄԻԵԴ որոշումը։