Հնարավոր չի եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կարգավիճակին:

Տիգրան Բալայանը նշել է հետեւյալը. «Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեությանը եւ վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երեւանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երեւանի գրասենյակի դերը արժեւորվում է նաեւ ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի:

Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով եւ չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Ներկայումս ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները եւ Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին:

Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»: