2016 թվականին գազից թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են, որի հիմքում մարդկանց անփութությունն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը՝ հավելելով, որ գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվում են Շիրակի մարզում, Աբովյանում եւ Երեւանում:

Նրա խոսքով, 2015-ին գրանցվել է նման պատահարների 39 դեպք, որի արդյունքում մահացել է 6 մարդ, իսկ 2016-ին պատահարների թիվը հասել է 47-ի, զոհերինը՝ 10-ի:

«Հիմնականում դա էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման գազօգտագործումը եւ այլն»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:

Ասուլիսին ներկա ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն էլ նշեց, որ բարեբախտաբար, գազից պայթյունների դեպքերը Հանրապետությունում վերջին տարիներին նվազել են: «Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինենք: Մարդկանց գերակշիռ մասը տարրական անփութության եւ տգիտության հետեւանքով է բախվում նման խնդիրների հետ՝ գազ են այրում առանց ծխահեռացման համակարգերի, դա անմտություն է»,-ընդգծեց Սերգեյ Հայրապետյանը: