ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի  բանկոմատին ամրացված են գազի բալոն եւ այլ համակարգ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ բանկոմատի վրա գազի եւ ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 34-185-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ եւ սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սեւ եւ թափանցիկ կպչուն ժապավեններով, սեւ գույնի խորանարդաձեւ մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ եւ պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ եւ մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:

Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաեւ մի քանի անձանցից եւ համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։

Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: