Ավստրիան ԵԱՀԿ–ում իր նախագահության օրոք մտադիր է նաեւ կենտրոնանալ վերջին շրջանում կորցրած վստահությունը վերականգնելու վրա։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես ուրախ եմ իմ թիմի հետ մեկնարկել աշխատանքս այս կարեւոր եւ խոշոր կազմակերպությունում։ Ես տեղյակ եմ, որ ԵԱՀԿ–ում աշխատանքն ազդում է տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգության վրա։ Մեր աշխատանքի հաջողությունից է կախված անվտանգությունն ու կայունությունը, որից շահում է ամբողջ մարդկությունը։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,– ասել է նա կազմակերպության մշտական խորհրդի առաջ ելույթի ժամանակ՝ անդրադառնալով 2017-ին Ավստրիայի նախագահությանը։

Նա վերահաստատել է երեք հիմնական ուղղություններով աշխատելու պատրաստակամությունը՝ ռազմական հակամարտությունների թեժացման դեմ, սեփական անվտանգության ուժեղացման եւ «բլոկային» մտածելակերպի տարածման ժամանակաշրջանում վստահության վերականգնման ուղղությամբ։

Նա կարծում է, որ վերջին տարում անվստահությունն ու անկայունությունը միայն վերականգնվել են ոչ միայն Ուկրաինայի ճգնաժամի, այլ նաեւ վաղուց մարած թվացող հակամարտությունների թեժացման պատճառով։