ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ոգեւորում է Ադրբեջանին դեպի վայրագ գործողություններ, դա անուղղակի մասնակցություն, եւ ուղղակի քողարկում  է ադրբեջանական դիվերսիայի: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, նման հայտարարության աղբյուրը պետք է փնտրել նաեւ մեր հասարակության մեջ. «Խորքային դիվանագիտական աշխատանք չկա, պասիվ են պետական մարմինները: Որեւէ հայտարարություն անելուց առաջ ուսումնասիրվում է դաշտը։ Դեկտեմբերի 29-ի ագրեսիայի հետ կապված քանի՞ նամակ է գնացել միջազգային ինստիտուտներ հայ հանրությունից։ Ոչ մի։ Մենք, կարծես թե, սովորել ենք, որ սա մեր հարեւանն է եւ այդպես էլ պետք է լինի»։

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ առաջին անգամ է, որ համանախագահները նման իմպերատիվ հայտարարությամբ են հանդես գալիս. «Արդյոք երբ ադրբեջանական կողմը հայերի գլուխներ էր կտրում եւ հրապարակում՝ նման կոշտ հայտարարություններ եղան։ Այն ժամանակ ես համանախագահներից որեւէ հայտարարություն չէի սպասում։ Արդյոք նման անհամաչափ վերաբերմունքը նշանակում է, որ Ադրբեջանից հումանիզմի որեւէ դրսեւորում չեն սպասում։ Որքանո՞վ է նման ասիմետրիկ մոտեցումը նորմալ»։

Նրա ներկայացմամբ, հայկական կողմի համար սա ազդակ է, որ եթե հայկական դիվանագիտական ուժը, միտքը չաշխատի ավելի ակտիվ, մնալու ենք երկակի մոտեցման  դաշտում. «Սա ազդակ է, որ ակտիվացնել է պետք աշխատանքը, եւ պետք չէ սպասել, որ դիվանագիտական դաշտում, լռելով, մեղմ արտահայտելով՝ կունենանք փոփոխություն: Պետք է նկատել, որ աշխարհաքաղաքականության մեջ անցել են կոշտ հակադրությունների»:

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ հայկական կողմը Կարմի Խաչի միջոցով Ադրբեջանին է ուղարկել 99 անհայտ կորած մարդկանց անուններից բաղկացած ցուցակ, որոնց հետ վերադարձի մասին ոչ ԵԱՀԿ-ն, ոչ միջազգային որեւէ այլ կազմակերպություն հայտարարությամբ հանդես չեն գալիս։

Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, մեկ դիակ մնացել է հայկական կողմի մոտ:

Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետեւանքով գրանցվեցին մահվան դեպքեր: Մինսկի խումբը կոչ է արել հայկական կողմին՝ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին, որպես մարդասիրության դրսեւորում: