Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 12-ին, «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի գործով նիստին դատավորը մերժեց ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը` գործով ապացույցներն  անթույլատրելի ճանաչելու մասով:

Դատարանը նշեց, որ պաշտպանի միջնորդությունը դատավարության առկա փուլում չի կարող դատարանի կողմից քննարկվել եւ ենթակա է մերժման, քանի որ առանց դատական կողմերին հրավիրելու, նրան կարծիքը լսելու եւ նշված ապացույցները ուսումնասիրելու հնարավոր չէ:

Նշենք, որ Արտակ Գալստյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել նախաքննության ժամանակ գործով  վկաներ Մհեր Փարվանյանի եւ Տիգրան Պետրոսյանի կողմից տրված ցուցմունքներն անթույլատրելի ճանաչել, որոնց վկայությունների հիման վերաբերյալ էլ հիմնավորվել է Արտակ Գալստյանի` Գոռ Հովհաննիսյանին կաշառք տալու դրդելը:

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը: