Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 12-ին, «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի գործով նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց Արտակ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ Արտակ Գալստյանին անազատության մեջ պահլու հիմքեր չկան եւ իր պաշտպանյալն ապօրինի է գտնվում կալանքի տակ:

Սուսաննա Սարգսյանը նշեց, որ գործով վկաների վրա ազդել, ճնշում գործադրել չի կարող: Նա նշեց, որ  Տիգրան Պետրոսյանն այս պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում եւ ամբաստանյալը չի կարող ազդել նրանց վրա, իսկ Մհեր Փարվանյանն ի սկզբանե  սուտ տեղեկություններ է տվել գործի վերաբերյալ:

Դատախազը առարկեց Սուսաննա Սարգսյանի միջնորդությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը: