2016 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գրանցվել է ուղեւորահոսքի 10,4 տոկոս աճ կամ ուղեւորահոսքի տարբերությունը կազմել է շուրջ 200 000 մարդ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 2 105 540 մարդ՝ նախորդ տարվա ուղեւորահոսքը գերազանցելով 12 տոկոսով:

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը:

2016 թվականին Երեւանից մեկնել է 1 048 153 ուղեւոր եւ ժամանել է 1 057 387 ուղեւոր, իսկ 2015 թվականին մեկնածների թիվը կազմել է 944 373 ուղեւոր, ժամանածներինը՝ 935 294 ուղեւոր:

2016 թվականին ժամանող ուղեւորների քանակը շուրջ 8500-ով գերազանցել է մեկնող ուղեւորների քանակին:

2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղեւորահոսքը կազմել է 189 018 մարդ՝ գրանցելով 23,4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ: 

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 18 269 տոննա ապրանք, որը 80,4 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել 9266 թռիչք- վայրէջ՝ գրանցելով 2,8 տոկոս աճ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ:

Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղեւարահոսքը կազմել է 12 421 ուղեւոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղեւարահոսքը կազմել է 2557 մարդ: