NEWS.am–ը ներկայացնում է «Անձնական կարծիք» նախագիծը։ Ծրագրի շրջանակում նախագծի հեղինակ Անի Աֆյանը տարբեր մասնագիտությունների եւ համոզմունքների տեր հաջողակ մարդկանց առաջարկել է պատասխանել արդիականության 7 զգայուն եւ սուր հարցերին, որոնք չեն կարող միանշանակ պատասխաններ ունենալ։ Իսկ երբ միակ ճիշտ պատասխանը բացակայում է, մնում է միայն սեփական կարծիքը։ Այսպես՝ պարզ բառերով ամենակարեւորի մասին, կյանքի եւ մահվան մասին։

Էվելինա Գասպարյան՝ պաթանատոմ

Անբուժելի հիվանդ երեխաների նկատմամբ էվթանազիան թույլատրող օրենքի մասին

Ես այդ հարցին շատ զգուշավոր եմ վերաբերվում։

Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են մայրերը պաշտում իրենց այլանդակ, ոչ լիարժեք երեխաներին։ Նրանք նման երեխաներին նույնիսկ ավելի շատ են սիրում, քան առողջներին։ Նայելով նրանց՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ էվթանազիան ազնիվ ելք է դրությունի։

Երբ խոսքը մեծահասակի մասին է, նրան հարցնում են, թե ինչպես է նա ուզում հեռանալ կյանքից։ Իսկ ինչպե՞ս հարցնես երեխային։ Ի՞նչ ասես նրան։ Ուզում ես մահանա՞լ։

Ես կարծում եմ, որ անբուժելի հիվանդ երեխայի ճակատագիրը պետք է ծնողները որոշեն։ Իսկ արդյոք նրանք ճիշտ կլինեն, եթե էվթանազիայի դիմեն, թե ոչ՝ չգիտեմ։ Ո՞վ կարող է իմանալ։

Կլոնավորման եւ սեփական պատճեն ունենալու մասին

Ես կտրականապես դեմ եմ կլոնավորմանը։ Բնության օրենքները խախտել չի կարելի։ Բնությունն առանց այդ էլ մեզ բազմաթիվ անակնկալներ է մատուցում։ Երեք ոտքով մարդուն տեսե՞լ եք։ Գիտե՞ք, որ շատերը երկու սիրտ ունեն։ Մի խոսքով, եկեք զգույշ լինենք։

Բացի դրանից մարդիկ իրենց բնույթով չար են, ագահ ու դաժան։ Նրանք անպայման կլոնավորումը չար նպատակներով կօգտագործեն։

Մահվան դեպքում օրգանների դոնոր դառնալու մասին

Մահից հետո դոնոր դառնալու հնարավորությունն ընդունում եմ։ Ինչ-որ մեկի կյանքը երկարացնելու հնարավորություն տալը ազնիվ արարք է։ Թեկուզ մի քանի տարով, քանի որ փոխպատվաստման վերջնական արդյունքին ես չեմ հավատում՝ վաղ թե ուշ օրգանիզմը կմերժի փոխպատվաստված օրգանը ։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ Մյուս կողմից էլ ամեն ինչ ժամանակավոր է, մենք՝ նույնպես։

Մահվան վախի եւ հավերժ կյանքի մասին

Ոչ, չեմ վախենում։ Դուք երբեւէ գիտակցությունը կորցրե՞լ եք։ Ես շատ անգամ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էր ձեզ հետ տեղի ունեցել։ Եվ ոչ ոք  էլ չի հիշում։ Միակ բանը,  որ ուզում եմ, առանց ցավի ու տանջանքների մահանալն է։ Պարզապես քնել ու չարթնանալ։

Եւս մեկ պահ՝ հանգիստ մահանալու համար պետք է պատրաստվել մահվանը։ Ուշադրություն դարձրեք, մեր պապերը նախապես պատրաստում էին նույնիսկ այն հագուստը, որով նրանց պետք է թաղեին։ Դա շատ իմաստուն մոտեցում էր։

Ես օրինակ ամեն ինչ արել եմ։ Գրել եմ կտակ, եթե կային ինչ-որ անավարտ գործեր, բոլորը հարթել եմ։ Հիմա լրիվ ազատ եմ։

Անմահություն ու հավերժ երիտասարդություն չեմ ուզում։ Դա անեծք է։ Ես կողմ եմ կենսաբանության օրենքներին։

Կա մի գիրք, որը կոչվում է «Տոնատոլոգիա»։ Այդ բառը թարգմանվում է, որպես ուսմունք մահվան մասին։ Հեղինակը պետերբուրգցի պաթոլոգոանատոմ է։ Հիմնական գաղափարն այն է, որ գալիս է մի պահ, երբ մահը ցանկալի է դառնում։

Աբորտների մասին

Այս հարցը իմ կարծիքով ոչ այնքան բարոյական- հոգեւոր, որքան քաղաքական հարթությունում է։ Ինչպե՞ս օրինակ Չինաստանում արգելեցին ծննդաբերել գերբնակեցվածության խնդիրների պատճառով։ Որտե՞ղ էր հոգեւորականությունը։

Կամ էլ երբ աշխարհի տարբեր անկյուններում պատերազմներ են ընթանում, մարդկանց թիվը կտրուկ կրճատվում է, եւ նոր «թնդանոթի մսի» կարիք է զգացվում։ Այդ ժամանակ քաղաքական գործիչները սկսում են ասել՝ «Կանայք, չհամարձակվեք աբորտ անել։ Դա անբարոյական է»։

Աղքատների եւ ողորմության մասին

Ողորմություն տալիս եմ , բայց միշտ մուրացիկների դեմքին են նայում։ Իմ տուն էլ հաճախ գալիս են, դուռս զանգում, խնդրում օգնել փողով։ Նայում եմ՝ ինձնից լավ են հագնված։ Առողջ, վարդագույն թշերով, սարսափելի գոհ տեսքով։ Նրանցից ի՞նչ մուրացիկ։ Իսկական ձրիակերներ են։

Մեկ խորհուրդ երեխային

Պահպանիր արժանապատվությունդ, հետեւիր առողջությանդ ու ներքուստ ազատ եղիր։

Անձնական կարծիք.Արմեն Աշոտյան՝ Սիրտս ճմլվում է ողորմություն խնդրող երեխաների տեսնելիս 

Անձնական կարծիք.Գայանե Բրեիովա՝ Մեզ ոչ ոք չի պատրաստում մահվանը 

Անձնական կարծիք.Գոռ Գրիգորյան՝ Պատրաստ եմ ինչ–որ մեկի կյանքը դառնալ

Անձնական կարծիք.Տիգրան Խզմալյան՝ Եթե մարդը խնդրում է, նրան պետք է օգնել 

Անձնական կարծիք.Վահրամ Սահակյան՝ Ես մի հատ պիտի լինեմ

Անձնական կարծիք.Մարիամ Մերաբովա՝ Մենք պետք է մինչեւ վերջ հոգու համար պայքարենք

Անձնական կարծիք.Գրիգոր Ամատունի՝ Կանայք աբորտից հետո երկար ժամանակ չծնված երեխայի ձայն են լսում 

Անձնական կարծիք.Նազենի Հովհաննիսյան՝ Ինքնասպանության ծանրությունը չպետք է ընկնի երեխայի ուսերին

Անձնական կարծիք․Զարուհի Հովհաննիսյան՝ Երբեք չլինես սպառող

Անձնական կարծիք. Վահան Արծրունի՝ Անմահությունը հիանալի բան է