«Արարատը» ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիտ Արկադի Անդրեասյանը: Նա մասնավորապես, պատմեց, թե ինչու  այդքան խնդիրներից հետո կրկին  վերադարձավ «Արարատ», որոնք են այսօրվա հայկական ֆուտբոլի խնդիրները, ինչու է «Արարատը» ցանկանում հանդես գալ Ռուսաստանում եւ շատ այլ թեմաների մասին:

Պարոն Անդրեասյան, 2016 թվականը շատերի համար դժվար էր, ինչպի՞սին էր այն Ձեզ համար:

Այո, տարին դժվար էր, բայց մենք մեր առաջ դրված խնդիրները կատարեցինք:

Ի՞նչ խնդիրներ:

Կառուցել հայկական թիմ: Կարծում եմ՝ դա է ճիշտ ուղղությունը: Հայաստանի առաջնությունում շատ լեգեոներներ են հանդես գալիս: Դրանից մեր ֆուտբոլը չի շահում: Հայաստանում պետք է խաղան հայ ֆուտբոլիստներ: Երբ ես եկա, ստուգեցի շատերին: Տեսա, որ լեգեոներները չեն համապատասխանում պահանջված մակարդակին: Իսկ եթե չեն համապատասխանում, ավելի լավ է հնարավորություն տանք տեղացիներին:

Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք բավական ժամանակ են կորցրել: Հիմա մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նրանք առաջադիմեն: Չեմ կարող ասել, որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, բայց արժանի են:

Այլեւս չե՞ք աշխատելու լեգեոներների հետ:

Շուտով մեր թիմը կհամալրեն բրազիլացի լեգեոներները:

Ստացվում է, դա հայկական թիմ չէ: Պարզապես սեւամորթներին կփոխարինեն բրազիլացիները:

Սեւամորթները շատ աշխատասեր են, բայց նրանց կարգն այն չէ: Գուցե այլ թիմերում այդպես չէ, մեզ մոտ, համենայնդեպս, պատկերն այդպիսին է: Բրազիլացիները ավելի հեռանկարային են: Նրանց հետ մենք երկարաժամկետ պայմանագիր չենք կնքի: Հասկանո՞ւմ եք, միայն սեփական ուժերով էլ շատ առաջ չենք գնա:

Բրազիլացիներին ցանկանում եք գնել, որ «Արարատում» ֆուտբոլի մակարդակը բարձրանա՞, թե՞ հետագայում նրանց վաճառելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակին Մարկոս Պիզելիին Դուք եք բերել Հայաստան:

Այդ ամենը փոխկապակցված է: Բրազիլացիների մոտ ֆուտբոլի գիտակցությունը շատ բարձր մակարդակի վրա է: Պատահական չէ, որ «Զենիթի» ու «Շախտյորի» կարգի թիմերը շեշտը դնում են բրազիլացիների վրա:

Արդեն կա՞ն ֆուտբոլիստներ, ում ձեռք եք բերելու:

Դեռ ոչ: Մեզ մոտ այնտեղ մարդ է լինելու, ով զբաղվելու է այդ հարցով:

«Արարատը» ունի՞ սելեկցիոն բաժին:

Դեռ ոչ: Շատ բան կա, որ մենք դեռ չունենք: Մենք պետք է բարձրացնենք ֆուտբոլը ընդհանուր մակարդակը՝ սկսած բժշկա-կենսաբանական ապահովությունից: Մենք պետք է ձեռք բերենք հատուկ սարքեր, որոնք կստուգեն ֆուտբոլիստների զարկերակը, վազքը եւ շատ այլ բաներ: Այդ ամենով մենք հետ ենք:

Ձեր վերադարձը «Արարատ» շատ անսպասելի էր: Երբ Դուք լքեցիք թիմը, հաճախ էիք քննադատում «Արարատի» ղեկավարությանը:

Ես եկա նրանց մոտ եւ ասացի, որ եթե այսպես շարունակվի, նրանք ոչ մի բանի չեն հասնի:  Պետք է այնպես անել, որ արդյունքի հասնեք: Պետք է թիմի գործերը լավացնել ու կարողանալ գումար վաստակել: Ինչպես ռուսներն են ասում՝ ժամանակը, որը մենք ունենք, դա այն գումարն է, որ մենք չունենք:

Բոլորը գիտեն, որ սկզբունքային մարդ եք: Ինչպե՞ս պատահեց, որ այդքան գժտություններից հետո հետ եկաք:

Թիմի ղեկավարությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց Վարդան Սրմաքեշը: Նա ինձ հրավիրեց Շվեյցարիա: Հրաչ Կապրիելիանը նույնպես այնտեղ էր: Նրանք համաձայնեցին իմ պայմաններին:

Ի՞նչ պայմաններ:

Կառուցել հայկական թիմ, նպատակ դնել՝ հաղթել:

Հայաստանի առաջնության առաջին մասն ավարտվել է, եւ «Արարատը» վերջին տեղով է ընթանում:

Վերջին չէ, վեցերորդ (ծիծաղում է):

Դե Անգլիայում վեցերորդ տեղը հիանալի է, մենք Հայաստանում ենք ապրում: Կարծում եք արդեն արդյունքներ ունե՞ք:

Մենք թիմում խնդիրներ ունեինք, որ պետք է լուծեինք, եւ դա ընկել էր իմ ուսերին: Ես եկել էի, չգիտեի, թե ուր եմ եկել, ովքեր են այս ֆուտբոլիստները, ով է նրանց բրդել այստեղ: Ես այս գործը վերցրի, որովհետեւ ուրիշը չէր կարող: Մենք հայկական ֆուտբոլում սխալ ուղղությամբ ենք գնում: Այստեղ ամեն բան խառնվել է: Թիմերի կեսը լեգեոներներ են: Եթե այդպես գնա վեց թիմ էլ գուցե չունենանք: Պետք է, որ մեր հայ ֆուտբոլիստները սկսեն պայքարել: Մենք առանց պայքարի ոչ մի թիմի չենք պարտվել: Եթե շատ մարզվենք, կսկսենք հաղթել: Ես այդպիսի փորձ ունեմ արդեն: Շատերը երեւի մոռացել են, բայց երբ ես եկա «Արարատ» 1982-ին թիմը գտնվում էր 14-րդ տեղում: Մենք միանգամից բարձրացանք առաջին տեղ: Անգամ ես էր զարմացել: Այս ամենը խոսում է այն մասին, որ եթե ֆուտբոլիստներին լավ պատրաստես, կարելի է արդյունքի հասնել: Այն ժամանակ մենք՝ խաղալով ԽՍՀՄ առաջնությունում, գրավեցինք հինգերորդ տեղը:

Հիմա ամեն տարիքային խմբում հանդես է գալիս մոտ 300 ֆուտբոլիստ, որոնց 90 տոկոսը գնում է բանակ: Նրանցից միայն 10 տոկոսն է վերադառնալիս ցանկանում շարունակել ֆուտբոլը: Պետք է լուծել այդ խնդիրը:

Ինչպե՞ս տեղավորել այդքան ֆուտբոլիստներին 6 թիմում:

Այն որ Հայաստանում մնացել է 6 թիմ, իմ մեղքը չէ: Մարդիկ չեն ցանկանում գումար ներդնել այստեղ:

Ինչո՞ւ:

Որովհետեւ հայկական ֆուտբոլը պատկանում է մեկ մարդու:

Տպավորություն է, որ շվեյցարացի գործարարների համար «Արարատը» երկրորդական նախագիծ է, առաջնայինն իրենց բիզնես է: Իսկ թիմը ինչպե՞ս ստացվի:

Հնարավոր է այդպես էր: Ժամանակին այդպես էին մտածում: Բայց ես նրանց ասացի, որ հաջողության հասնելու համար պետք է ուղղությունը փոխեն:

Առաջ «Արարատի» սեփականատեր ասելիս ավելի շատ շոշափվում էր Հրաչ Կապրիելիանի անունը, հիմա Դուք անընդհատ խոսում եք Վարդան Սրմաքեշի մասին:

Կապրիելիանը չի զբաղվում «Արարատով»: Նրանք ընկերներ են, բայց, գուցե, բիզնես ծրագրերն են փոխվել:

Ովքե՞ր են «Արարատի» բաժնետերերը:

Նրանք երկուսով, ես, Արսեն Բեգլարյանը եւ եւս մեկ-երկու հոգի:

Ինչպես հասկացա, գարնանային մրցափուլում մրցանակային տեղերի համար չեք պատրաստվում պայքարել:

Մեր նպատակը 2017-18 մրցաշրջանն է: Այս մրցաշրջանում մենք փոխեցինք 20 ֆուտբոլիստի:

Լեգեոներներից բացի թիմի կեսն էլ գնա՞ց:

Ֆուտբոլիստներ կային, որ ցանկանում էին խաղալ այլ թիմերում: Կան ֆուտբոլիստներ, որոնք խաղալ չեն ուզում: Եթե ֆուտբոլիստը տաղանդ ունի, դա մի բան է, բայց երբ չունի ու ամբիցիաները շատ մեծ են, այդպիսիներին մենք հեշտ բաց ենք թողնում:

Եթե չեմ սխալվում, «Արարատում» ամենացածր աշխատավարձերն են հայկական թիմերի մեջ:

Կարծում եմ «Փյունիկում» էլ է այդքան:

Իսկ պարգեւավճարնե՞րը:

Գուցե նրանց մոտ ավելի շատ է: Նրանց մոտ խաղում են լավագույն ֆուտբոլիստները, իսկ մեզ մոտ նրանք՝ ում ծառայություններից արդեն հրաժարվել են: Ֆուտբոլիստը չպետք է մտածի փողի մասին: Եթե լավ խաղա, գումարը կգա:

Մի քանի տարի առաջ Ձեր հարցազրույցում ասացիք, որ եթե ֆուտբոլիստը ունի հանապազօրյա հացի խնդիր, նա չի կարող լավ խաղալ:

Այո, ասել եմ: Բայց ֆուտբոլիստը պետք է մտածի, որ եթե լավ հանդես գա, գումարը կհայտնվի, այլ ոչ թե հակառակը՝ դու վճարիր, իսկ նա իր համար այնքան որ կխաղա:  Հիմա մեր ֆուտբոլիստների մոտ ես նկատում եմ շարժառիթ: Վերադարձել են բանակից ու ապացուցելու բան ունեն:

Մարզիչներ կան, որ թույլ չեն տալիս ֆուտբոլիստներին խաղերից առաջ հանդիպել իրենց կանանց հետ, օգտվել ինտերնետից: Դուք կիրառո՞ւմ եք որեւէ սահմանափակում:

Առաջ այո, հիմա դեռ ոչ: Ֆուտբոլիստը պետք է իմանա իր ռեժիմը: Խաղից մեկ-երկու օր առաջ պետք է պատրաստվի: Ես այն ժամանակ էլ «Արարատում» ունեի նման խնդիրներ: Ֆուտոլիստները ցանկանում էին վայելել իրենց երիտասարդ կյանքը, չզրկել իրենց հաճույքներից, բայց եթե ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է մինչեւ վերջ  գնալ: Պետք է նաեւ այնպես անես, որ կինդ հարմարվի քո աշխատանքին:

Դուք միշտ հետեւե՞լ եք կանոնններին:

Գուցեեւ խախտել եմ, բայց մենք մեզ համար որոշել էինք, որ չպետք է խախտենք՝ հատկապես խաղերից առաջ:

Որքան հասկացա, «Արարատը» ձմեռային հավաքը տանն է անցկացնելու:

Այո:

Եղանակային պայմանները չե՞ն խանգարում:

Կմարզվենք դահլիճներում, արհեսատական դաշտերում: Այդ հարցում Ֆուտբոլի ֆեդերացիան մեզ շատ է օգնել՝ ունենալ այդպիսի դաշտ:

Մի քանի տարի առաջ ասում էիք, որ «Արարատի» հիմնական խնդրներից է, որ չունեն մանկապատանեկան դպրոց, նորմալ բազաներ:

Հիմա այդ հարցում ավելի լավ է: Կա շենք, ավելի լավ պայմաններ: Պետք է այնտեղ նաեւ լավ խոհանոց սարքենք: Արդեն կա արհեստական խոտածածկով դաշտ:

Իսկ քանի՞ մանկապատանեկան թիմեր ունեք:

Թիմ կա, դպրոց չունենք: Ես դեռ այդ հարցերով չեմ զբաղվում: Կրկնվեմ՝ մենք կանգնում ենք բանակի խնդրի առաջ. պարապում են հետո գնում բանակ: Դպրոցը կարծես անիմաստ է աշխատելու: Իսկ հավաքականներում խաղում են «Փյունիկի» ու «Բանանցի» ֆուտբոլիստները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի դպրոց պահելը: Սակայն ընդունում եմ, որ դպրոցն իսկապես պետք է:

Ինչպե՞ս լուծել այդ հարցը:

Պետք է թույլ տան, որ այդ ֆուտբոլիստները չգնան բանակ:

Այդ դեպքում բոլոր տղաները կսկսեն ֆուտբոլով զբաղվել:

Ակումբային ֆուտբոլիստները… թող տարեկան 56 ֆուտբոլիստ էլ չգնա բանակ:

Ճի՞շտ է, որ «Արարատը» ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում:

Այո, կա այդպիսի ցանկություն: Մենք նամակով դիմել ենք արդեն Ռուսաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի թիմը մասնակցի Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշարին: Չեմ կարող ասել դեռ, թե ինչու է այդպես որոշվել: Չգիտեմ, թե ինչպիսի ընթացք կունենա այս ամենը:  Բացի այդ Գազաեւը ցանկանում է միավորված առաջնություն ստեղծել: 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում հայկական թիմերի հնարավորություններն այդ առաջնությունում:

Մեր հավաքականը մասնակցում է միջազգային մրցաշարերի, բայց թիմերը դուրս են մնում շատ թույլ  թիմերի պարտվելով: Չգիտեմ ինչպես հանդես կգան… բասկետբոլիստները հանդես էին գալիս չէ՞:

Դե, արդեն ոչ:

Գուցե հենց այսպես  ստացվի ֆուտբոլասերներին բերել մարզադաշտ: Հիմա խաղում ենք գրեթե դատարկ տրիբունաների ներքո:

Դուք բավական մեծ մարզչական աշխատանքի փորձ ունեք, բայց վերջին տարիներին չէիք աշխատում: Աշխարհն առաջ է գնում, ֆուտբոլը զարգանում է: Այս դադարի ընթացքում նոր բաներ սովորե՞լ եք:

Ես արտոնագիր եմ ստացել, բայց այստեղ սովորելու բան չունեմ: Երիտասարդները գալիս են ու ասում մեզ՝ դուք դեռ հին ձեւերով եք աշխատում: Կարեւորը արդյունքն է: Մեզ մոտ ԽՍՀՄ-ում  մարզիչ դառնալու համար մեթոդիկաներ կային: Անգամ այլ երկրներում չկար նման բան: Մեզ ասում էին, որ պետք է մեզ մոտ սովորեն: Մեր դպրոցը լավն էր: Ցավոք, հիմա շատ հետ ենք արդեն: Պետք է անհրաժեշտ ամեն ինչ ունենանք, այդ դեպքում հետ չենք մնա:

Խնդիրը գումարի՞ մեջ է:

Նաեւ գումարի: Մենք չունենք համապատասխան սարքավորումներ եւ շատ այլ բաներ:

Ինչո՞ւ չմասնակցեցիք տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ մարզիչ քվեարկությանը:

Իսկ ո՞ւմ ընտրեի: Տարին ավարտվեց, բայց ֆուտբոլային տարին՝ դեռ ոչ: Ինչպե՞ս կարող եմ գնահատական տալ, երբ մրցաշրջան դեռ չի ավարտվել: Պետք էր այն անցկացնել, երբ ավարտվեց առաջնությունը:

Բայց FIFA-ն էլ այդպես արեց:

Ֆուտբոլային տարին սկսվում է օգոստոսին եւ ավարտվում հաջորդ ամռանը: Ինչպե՞ս պետք է հաշվենք արդյունքները: Ես լավ չգիտեի հայկական թիմերին: Ամռանը դադար էր: Շատ ֆուտբոլիստներ փոխեցին թիմերը: Ինչպե՞ս գնահատես նրանց խաղը:

Դուք կողմնակի՞ց եք գարուն-աշուն ձեւաչափին:

Իհարկե, Եվրոպայում ձյուն չկա ու խնդիրներ չկան: Ռուսաստանում նույնպես դժգոհ են: Մենք չպետք է փոխեինք:

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ավակիմյանն իր հարցազրույցում Ձեզ «բռնակալ» անվանեց: Ինչո՞ւ:

Ես առաջինը հենց նրան հանեցի թիմից: Նա անարդար ճանապարհով էր հայտնվել թիմում: Երբ ես եկա «Արարատ», նրան հրավիրել էին հավաքական: Ինչպես նա հայտնվել էր «Արարատում», նույն կերպ էլ Սուքիասյանը նրան տարել էր հավաքական: Երեւի որ բարձրացնի տրանսֆերային արժեքը: Հետո ես նկատեցի, որ նա չի սիրում աշխատել եւ որ այդ կարգի ֆուտբոլիստ չէ: Ես նրա նման ֆուտբոլիստների շատ եմ տեսել: Եթե նա հավաքականի ֆուտբոլիստ է, ինչո՞ւ նրան այլեւս չեն կանչում: Ինչո՞վ է նա հիմա զբաղվում: Իր գումարը նա թիմից ստացավ: Եթե ես վատն եմ, ինչո՞ւ Վարուժան Սուքիասյանը նրան այլեւս չհրավիրեց:

Ինչպե՞ս եք արձագանքում երբ Ձեր մասին ասում են, որ շատ բարդ բնավորություն ունեք:

Ես ճիշտ բնավորություն ունեմ: Երբ աշխատում եմ մարդու հետ, սիրում եմ որ իմ առաջադրանքները կատարեն: Երբ ինձ ֆուտբոլիստն ասում է, որ իրեն հարմար է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, ես զարմանում եմ: Առաջին անգամ էի լսում հարմար է բառը: Նրան հրավիրել էին որպես եզրային պաշտպան, հետո նա հիվանդ էր, հետո ծունկն էր ցավում, հետո էլի ինչ-ոչ մի բան: Ես պահանջկոտ եմ ֆուտբոլիստների, աշխատանքի հանդեպ:

Իսկ Ձեր հանդեպ...

Նույնպես: Երբ ֆուտբոլիստ էի, մինչ մարզիչը ինձ ինչ-որ բան կասեր, ես արդեն սկսում էի դա անել:

Ինչո՞ւ չեք սիրում մամուլի հետ շփվել:

Չեմ սիրում: Նրանք հիմնականում ամեն բան շարադրում են այնպես, ինչպես իրենց է հարմար: Լրագրողների մեծ մասը ինչ-որ մեկի համար է աշխատում:

Տարվա լավագույն մարզիչ տիտղոսին արժանացավ Կլաուդիո Ռանիերին: Համամի՞տ եք, որ նա էր լավագույնը:

Լավագույնը այն մարզիչն է, որը թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգան:

Հավերժ հարցը. կարելի է ասել, որ Մեսսին արդեն գերազանցել է Պելեին ու Մարադոնային: Ո՞վ է ֆուտբոլի արքան:

Ֆուտբոլի արքան դեռեւս Պելեն է: 17 տարեկանում դառնալ աշխարհի չեմպիոն, խփել հազարից ավելի գոլ՝ դա մեծ արդյունք է:

Դուք որպես ֆուտբոլիստ ու մարզիչ ունեցել եք շատ հարուստ կարիերա: Ունե՞ք դեռեւս չիրականացած ֆուտբոլային երազանք:

Երազանք չէ, բայց ես հիմա հայկական ֆուտբոլում եմ: Գտնում եմ, որ Հայաստանի մակարդակով դեռ ինչ-որ բան կարող եմ անել: Շուտով կդառնամ 70 տարկեան: Շատ մարդիկ այդքան չեն ապրում: Աստված ինձ տվել է այդ հնարավորությունը: Ես ֆուտբոլ վերադառնալու իմ պատճառները ունեի՝ անել այն, ինչ առաջ չէր հաջողվում:  Չգիտեմ՝ ինչու ինձ կրկին հնարավորություն տվեցին վերադառնալ ֆուտբոլ: Ես արդեն թոշակի էի անցել: Եթե տվեցին, ուրեմն պետք է իրականացնեմ:

Ի՞նչ եք Ձեզ ցանկանում այս նոր տարում:

Ինչպես եւ բոլոր մարդիկ՝ երջանիկ տարի: Իմ կյանքում արդեն բան չի փոխվի, իսկ ֆուտբոլում պետք է աշխատել ու ձգտել, որպեսզի «Արարատը» ՝ մեր բրենդը, օգնի մեր երկրպագուներին կրկին զգալ, որ կա այդպիսի թիմ ու որ ինձ էլ չմոռանան:

Վերա Մարտիրոսյան