Լավրովի խոսքը կարող է վճռորոշ լինել Ղարաբաղ այցելած իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործում: Այս մասին Il Giornale պարբերականում հրապարակված հոդվածում նշել է լրագրող Սիմոնե Ձոպելարոն: Հեղինակը գրում է.

«Նրա փոխարեն կարող էի ես լինել, եւ ոչ միայն ես:  Ավելի քան 180 արտասահմանյան լրագրողներ Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել: Նրանց մեջ քիչ չեն նաեւ իտալացիները:

Ադրբեջանի կաշառված լրագրողներից, պետական հաքերներից եւ ջանասեր պաշտոնյաներից կազմված պետական քարոզչական մեքենան պատրաստ է հարձակվել ոչ միայն տեղական լրատվամիջոցների (մամուլի ազատության վարկանիշում Ադրբեջանը աշխարում վերջին տեղերից մեկում է), այլեւ արտասահմանյան այն լրագրողների վրա, ովքեր խիզախություն են ունեցել իրենց քիթը խոթել այս ռեժիմի գործերի մեջ:

Ալեքսանդր Լապշինը, որը երկքաղաքացի բլոգեր է՝ Ռուսաստանի եւ Իսրայելի, Մինսկում կալանավորված է Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության եւ իր գրառման մեջ Ադրբեջանի նախագահ Ալիեւի մասին քննադատական արտահայտությունների համար: Նրան ոչ մի այլ մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ սարքած, ինչպես արվում է այդ երկրներում:

Ոչ իսրայելական, ոչ ռուսական դիվանագիտությունը չեն փորձում նրան ազատել: Չօգնեցին անգամ Թել Ավիվի եւ Բաքվի հրաշալի հարաբերությունները: «Ադրբեջանցիները ցանկանում են Լապշինին նմուշօրինակ սարքել»,- իսրայելական Haaretz-ի հետ հարցազրույցում հայտարարել է իսրայելցի դիվանագետը՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի:

Այս առիթով հանդես է եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտարարել է. «Մենք դեմ ենք այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն շրջան լրագրողների կամ պարզապես մասնավոր անձանց այցելությունների քրեականացմանը որպես քրեական հանցագործություն»: Հստակ մատնանշվում է Ղարաբաղը: Լավրովի խոսքը կարող է վճռորոշ լինել՝ հաշվի առնելով Մինսկի վրա Մոսկվայի ազդեցությունը:

40-ամյա Ալեքսանդր Լապշինին ռուսալեզու աշխարհում լավ են ճանաչում: Նրա բլոգում տեղադրված են ավելի քան 120 երկրներից պատմություններ եւ լուսանկարներ: Նա քաղաքականությամբ չի զբաղվում, նա չի գրել Ադրբեջանի նախագահի ֆինանսական սկանդալների կամ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների մասին, ինչպես իր շատ գործընկերներ, որոնք Բաքվի բանտերում են հայտնվել: Բայց արդեն մեկ ամսից ավելի նա օդում կախված է»: