Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում է, որ չի պատրաստվում սեփական կուսակցություն ստեղծել:

Այսօր` հունվարի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում ուսանողները վարչապետից հետաքրքրվեցին` հնարավոր է իր սեփական կուսակցությունը ստեղծի, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Սեփական կուսակցություն ստեղծելու մասին չեմ մտածում, եւ մտնելով «Հանրապետական» կուսակցություն եւ իմանալով հնարավոր մեկնաբանությունները եւ բոլոր նման մտահոգությունները` ասեմ հետեւյալը. ես շատ ազնիվ մտել եմ այդ կուսակցություն, բացատրել եմ` ինչու եմ դա արել, չեմ ուզում թվարկել այն յոթ պատճառները»:

Կարեն Կարապետյանի խոսքով` բացի այն, որ վարչապետը պետք է ունենա կուսակցական հենարան, ինքն անդամագրվելիս լայնածավալ քննարկում է ունեցել կուսակցության ղեկավարության հետ եւ հիմնական դրդապատճառն այդ կուսակցությանը միանալու այն է եղել, որ իրենք ներկայացրել են, թե ինչքան կարեւոր է փոխվել եւ շատ բան փոխել Հայաստանում:

«Սա ակնհայտ ճշմարտություն է, որի հետ բոլորը համաձայն են: Մենք նաեւ մեր նախընտրական ծրագրում ենք ֆիքսելու, որ մեր անցած ուղու ժամանակ ունեցել ենք սխալներ, որոնք եղել են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Կուսակցությունը, որը դա հայտարարում է, շատ համարձակ քայլ պետք է համարել, քանի որ շատերը չէ, որ հայտարարում են այդ մասին, այդ թվում իշխանության մեջ եղած կուսակցությունները: Ինչու ենք մենք ասում, որ ՀՀԿ-ին ձայն տվեք. բացի դրանից, որ տեսլական եւ ծրագիր ենք ներկայացնելու, մենք ասում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ սխալները ընդունելով, նոր թիմի անդամներ ձեւավորելով` մենք շատ լավ պատկերացնում ենք այն փոսերը, այն հնարավոր խաչմերուկները, որին կարող է հանդիպել քաղաքական ուժը, որն իր վրա է վերցնելու իր պատասխանատվությունը երկրի վաղվա օրվա նկատմամբ: Հավանականությունը, որ մենք նույն թակարդը չենք ընկնելու, շատ է, երկրորդ, մեր ծրագրով ենք փորձելու համոզել, երրորդ, մեր ամենօրյա աշխատանքով ենք ապացուցելու, որ այդ ուղղությամբ ենք ընթանալու»,- ասաց Կարեն Կարապետյանը: