ԷկոԼուրը շարունակում է գնահատականների հրապարակումը Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի (Նուբարաշենի աղբավայր) վերաբերյալ: Նախագիծը ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 8 միլիոն եվրո տրամադրած վարկով, Եվրոպական ներդրումային բանկի 8 միլիոն եվրո վարկով, եւ եւս 8 միլիոն եվրո Եվրոպական Միության դրամաշնորհով:

Ներկայացնումենք «Խազեր» Էկոլոգամշակութային ՀԿ-ի գնահատականը:

«Նուբարաշենի աղբավայրի թափոնների կառավարումը ունի նախապատմություն՝ ուղղակիորեն կապված կլիմայի փոփոխության եւ Կիոտոյի արձանագրության հետ (Մաքուր զարգացման մեխանիզմ): Կիոտոյի արձանագրությունը պարտավորեցնում էր զարգացած երկրներին ձեռնարկել միջոցներ (կրել քանակական պարտավորություններ) մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար: Ընդ որում, նվազեցմանն ուղղված միջոցառումները կարող էին անցկացվել ոչ միայն զարգացած երկրներում, այլ նաեւ զարգացող երկրներում, որոնք չունեին քանակական պարտավորություններ:

Ճապոնիան ուներ պարտավորություն 6 %-ով կրճատել արտատանետումները 2008-2012 թվականների ընթացքում: Հայաստանից ներկայացված նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ճապոնական մի ընկերություն առաջարկեց իրականացնել Երեւանում Նուբարաշենի աղբավայրի մեթան գազի ուտիլիզացման ծրագիր եւ նաեւ էլեկտրակայանի կառուցման ծրագիր, որտեղ որպես վառելիք պետք է օգտագործվեր այդ մեթանը:

Ընդ որում, կառուցման, սարքավորումների գնման եւ շահագործման համար բոլոր ծախսերը ճապոնական կողմը վերցրել էր իր վրա: Հայաստանի ներդրումը կայանում էր ճապոնական կողմին այսպես կոչված ջերմոցային գազերի «արտանետումների սերտիֆիկացված կրճատումներ (ԱՍԿ)» (կամ «արտանետումների նվազեցման միավորներ») փոխանցելու մեջ: Այսինքն, Հայաստանում իրականացվող ծրագրի արդյունքում ստացված ԱՍԿ-երի փոխանցման հաշվին մասնակիորեն կատարվում էին Ճապոնիայի պարտավորությունները՝ ամրագրված Կիոտոյի արձանագրությամբ:

Ծրագիրը դարձավ Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում առաջին եւ էական միջոցառումներից մեկը եւ առաջինը ԱՊՀ-ում:

Որպեսզի ծրագիրը մտներ Կիոտոյի արձանագրության շրջանակ, անցկացվեց միջազգային սերտիֆիկացման գործընթաց: Հայաստանը եւ Ճապոնիան կառավարական մակարդակով հաստատեցին ծրագիրը, որը համաձայնեցվել էր ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ Երեւանի քաղաքապետարանի հետ կայուն զարգացման սկզբունքների համապատասխանության համար: Ծրագիրը ներկայացվել էր միջազգային լիազորված կառույցի՝Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի Գործադիր մարմնի հաստատմանը:

Հետազոտության եւ ընթացիկ միջոցառումների համար ճապոնական կողմը ծախսել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլար: Սակայն ՄԶՄ-ի հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքները կանգ առան ճապոնական շահագրգիռ ընկերությունների եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ պայմանագրի ստորագրման փուլում:

Երեւանի քաղաքապետարանը անհասկանալի պատճառներով նորից դիմեց էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ պարզաբանումների համար: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը, որի հետ ծրագիրը նախկինում համաձայնեցվել էր, հարցում արեց Համաշխարհային բանկին, որը գնահատեց ծրագիրը՝ որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող: Բերված փաստարկներն շփոթություն առաջացրեցին, քանի որ հայկական կողմը ծրագրի իրականացման համար ոչ մի դրամ ներդրում չէր անում: 8-11 միլիոն դոլլար գնահատված ծախսերի պարագայում բոլոր ծախսերը իր վրա վերցնում էր ճապոնական կողմը, որը կայանի կառուցումից հետո պետք է այն փոխանցեր քաղաքապետարանին՝ փոխարենը վերոնշյալ ԱՍԿ-երի ստացման պայմանով: Շուրջ երկու տարի ամենաբարձր մակարդակով ընթանում էին բանակցությունները: Վերջապես քաղաքապետարանը համաձայնեց ծրագրի համար հատկացնել ընդամենը 7 հեկտար 35 հեկտար կազմող աղբավայրի տարածքից, սակայն դրեց պայման՝ հրաժարվել էլեկտրաէներգիայի արտադրությունից եւ միայն այրել հավաքած կենսագազը: Կոնսորցիումի մեջ մտնող երկու ճապոնական ընկերություն՝ «Միցուի» եւ «Խոկկայդո էլեկտրիկ», հրաժարվեցին մասնակացել ծրագրում: Իսկ «Շիմիզու» ընկերությանը հաջողվեց համոզել մնալ եւ շարունակել նախագիծը նման կրճատ տարբերակով:

Այսպիսով, ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը եւ հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300.000 դոլլար յուրաքանչյուր կողմի համար: Հայաստանը նաեւ չստացավ 30 աշխատատեղ, նորարարական տեխնոլոգիա, որը կարելի էր օգտագործել՝ Գյումրու եւ Վանաձորի աղբավայրերում իրականացնելով նման էկոլոգիական ծրագրեր:

Ներկայումս Նուբարաշենի աղբավայրում 7 հեկտար տարածքի վրա դրենաժային համակարգի միջոցով հավաքվում է կենսագազը եւ այրվում է: Այրման ժամանակ մեթանը (CH4) վերածվում է ածխածնի երկօքսիդի, որը կլիմայական փոփոխությունների վրա ազդեցության տեսանկյունից ավելի քիչ վտանգավոր է եւ գնահատվում է հետեւյալ հարաբերակցությամբ՝ 1 տոննա մեթանի արտանետումը համապատասխանում է 21 տոննա ածխածնի երկօքսիդի: Այսպիսով, ճապոնացիների ծրագրի շնորհիվ, անգամ կրճատ տարբերակով, 7 տարվա ընթացքում հաջողվեց կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն ավելի քան 100.000 տոննայով (ածխածնի երկօքսիդի վերահաշվարկով):

Ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու շանսերը ներկայումս գրեթե բաց են թողնված, քանի որ Կիոտոյի արձանագրությունը եւ Մաքուր զարգացման մեխանիզմը կորցրել են կարեւորությունը, իսկ արտանետումների կրճատման միավորի (տոննայի) արժեքն ածխածնի միջազգային շուկայում այժմ 2009 թվականի 8 դոլլարից իջել է մինչեւ 20-25 ցենտ: Հետաքրքիր է, որ Ճապոնիան չի մասնակցում Կիոտոյի արձանագրության բյուջետային երկրորդ փուլին 2013 թվականի հունվարից, սակայն «Շիմիզու» ընկերությունը, կրելով վնասներ, շարունակում է Նուբարաշենի ծրագիրը՝ վճարելով աշխատողներին եւ իր հաշվին իրականացնելով տարեկան մոնիտորինգ եւ աղբավայրի տրամադրված տարածքից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման սերտիֆիկացում»: