NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Թամարա Սահակյան, 26 տարեկան: Կրթությամբ ֆինանսիստ է: Հետաքրքվում է սպորտով, վազում մարաթոններին ու բաց չի թողնում ճամփորդելու հնարավորությունը: Մեկ տարի ապրել է Իտալիայում եւ սովորել Միլանի մասնավոր բիզնես դպրոցում: Երևանում աշխատում է մարդասիրական կազմակերպությունում:

Երբ ես նոր էի Միլան ժամանել, առանց իմանալու բնակություն էի հաստատել San Siro թաղամասում։ Մի ամսից տեղափոխվեցի մեկ այլ թաղամաս, բայց այդ ամբողջ ամիսը ես ապրում էի վախի մեջ՝ որ հանկարծ ինձ հետ մի բան չպատահի։

Միլանի կենտրոնն անվտանգ է օրվա ցանկացած ժամի։ Այնտեղ գուցե միայն գրպանահատների կարող ես հանդիպել։ Որոշ թաղամասերում, մանավանդ այնտեղ, որտեղ միգրանտներն են ապրում, վտանգավոր է օրվա ցանկացած ժամի։ Ավելի լավ է այնտեղ չերևվալ։

Իտալացիները սիրում են բամբասել բոլորի ու ամեն ինչի մասին։

Ի ուրախություն ինձ՝ շատերը գիտեին, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Բայց ահա այն մասին, թե ինչպես ու ինչով ենք մենք ապրում, բոլորովին պատկերացում չունեին։ Իմ համակուրսեցիները կարծում էին, որ երկրում ռուսերեն են խոսում, ու որ մենք իսլամ ենք դավանում։

Ինձ ամենից հաճախ հարցնում էին «Իսկ Հայաստանում աղջիկները նմա՞ն են Քիմ Քարդաշյանին»։

Միլանում ես ծանոթացա հայկական համայնքի հետ։ Բավականին փոքր, բայց համերաշխ։

Տեղափոխվելով Իտալիա, երիտասարդ հայերը սովորաբար սկսում են ուսումից, իսկ հետո աշխատանքի դասավորվում։ Հաճախ նրանք ձգտում են աշխատել ֆինանսական կամ էլ դիզայնի ոլորտում։

Իտալացիները փորձում են հանդուրժող լինել, երբեմն էլ նույնիսկ չափից շատ։ Հիշում եմ մի դեպք, որը Սուրբ ծնունդին էր պատահել։ Գնում եմ ավտոբուսով, որը լեփ լեցուն է։ Հերթական կանգառում մտնում են երեք տղաներ՝ մերձավորարեւելյան արտաքինով։ Միացնում են արեւելյան երաժշտություն, բարձրաձայն հայհոյում, հրում, սադրում վեճ, կանանց հետ անպարկեշտ վարվում՝ մի խոսքով իրենց պարզապես գարշելի պահում։ Բոլոր իտալացիները լռում են։ Հավանաբար, վախենում են։ Այդ պահին ես մտածեցի, որ, եթե այդ ամենը Հայաստանում կատարվեր, նրանց ողջ չէին թողնի։ Մի խոսքով այդ ամենը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ մի տղամարդ, որը ինչպես ավելի ուշ պարզվեց ուկրաինացի էր, բղավեց նրանց վրա ու սպառնաց ծեծել մինչեւ ոստիկանության գալը։ Հաջորդ կանգառում տղաները իջան։

Պատրաստ են օգնել զբոսաշրջիկներին, բայց լեզվի խնդիր ունեն։ Շատ քչերն են անգլերեն խոսում։ Երբեմն ինչ- որ բան բացատրելը բավականին դժվար է։

Իտալացիները հաճախ են անպարկեշտ բառեր օգտագործում, եւ դրան արագորեն վարժվում ես: Բանն այն է, որ նրանք շատ էմոցիոնալ են եւ հայհոյում են ոչ թե վիրավորելու, այլ թեթեւանալու համար, այդ պատճառով պետք չէ դա լուրջ ընկալել: Ամենատարածված բառը «կացցոն» է, որը նշանակում է տղամարդու առնանդամ։ Այդ բառը օգտագործում են բոլորը ՝թինէյջերներից սկսած մինչեւ պատկառելի տարիքի կանայք։

Իտալացիները համեղ սննդի ֆանատներ են։ Եթե չեն ուտում, ուրեմն խոսում են ուտելիքի մասին։

Չէի ասի, թե ամեն օր պիցցա են ուտում, ավելի շատ պաստա ու միս են նախընտրում։

Երեկոյան ժամը 6-7-ը իտալացիները հավաքվում են ապերիտիվի։ Այդ ժամանակ նրանք ուտում են աղցաններ, խավարտ, պանիր՝ որեւէ տեսակի ոգելից խմիչքով։ Իսկ ահա ժամը 21։00-22։00 կարգին ընթրում են։ Ընթրիքին նրանք կարող են ուտել պաստա, ռիզոտո, ձուկ կամ միս ու դրանից հետո աղանդեր։ Ընդհանուր առմամբ Իտալիայում պետք է պատրաստ լինել մի քանի կիլոգրամով գիրանալու հեռանկարին։

Իտալացիները շատ կապված են հարազատ վայրերին ու դժվարությամբ են կտրվում դրանցից։

Քաղաքականության մասով նրանց հետաքրքրում է միայն ներքին ու եվրոպական քաղաքականությունը։ Երբեք չեմ լսել ,օրինակ, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին բանավեճեր։

Սուրճ խմում են բոլորը։ Հատուկ ժամ ունեն սուրճի յուրաքանչյուր տեսակի համար։ Օրինակ, եթե կեսօրից հետո կապուչինո պատվիրեք, բոլորը կհասկանան, որ դուք զբոսաշրջիկ եք։ Իտալացիները կապուչինո խմում են միայն օրվա առաջին կեսին։

Թեյն այդքան էլ տարածված ըմպելիք չէ։ Այն հազվադեպ են խմում։ Հավանաբար, երբ հիվանդանում են։

Իսկական իտալական պիցցա թխում են փայտի վառարաններում։ Բայց, իհարկե, նույնիսկ Իտալիայում ոչ ամենուրեք են հենց այդպես թխում պիցցան։

Սպորտն իտալացիների կյանքի գլխավոր բաղկացուցիչներից է, ինչը չի կարող չառաջացնել հիացմունք։ Նրանք ակտիվ կենսակերպին հաղորդակից են դարձնում նույնիսկ ամենափոքրիկներին։

Իտալացիները գրեթե անմիջապես անցնում են «դու»-ի։ «Դուք»-ով դիմում են միայն այն դեպքում, երբ զրուցակիցը տարիքով զգալի մեծ է։ Նրանք բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները, հեշտ են ծանոթանում եւ ձեւեր չեն թափում։ Ծանոթության երկրորդ րոպեից արդեն կարող են այնպիսի անձնական հարցեր տալ, որոնց մասին նույնիսկ ընկերներիդ հետ չես խոսում։

Եվ տղամարդիկ, եւ կանայք հետեւում են իրենց արտաքինին, պարտադիր հաճախում կոսմետոլոգի, որակյալ կոսմետիկա ու հիգիենայի միջոցներ օգտագործում, դրա համար էլ միշտ թարմ ու երիտասարդ տեսք ունեն։ Հավանաբար, իտալացիները իրենց տեսքին ավելի շատ ժամանակ ու միջոց են հատկացնում, քան մյուս ազգությունների տղամարդիկ։ Նրանք սիրում են կոսմետիկ պրոցեդուրաները, ՍՊԱ սալոնները, սոլյարիումները։ Հիշում եմ իմ դասախոսուհին պատմում էր, որ իր ամուսինն ավելի շատ հիգիենայի միջոցներ ունի, քան ինքը, ու դրանք զբաղեցնում են լոգարանի բոլոր դարակները։

Իտալացի տղամարդիկ, ինչպես եւ մեր հայ տղամարդկանցից շատերը, կապված են իրենց մայրերի հետ։ Նրանք հաճախ են ծնողների հետ ապրում մինչեւ 30 տարեկան դառնալը, քանի դեռ չեն ամուսնանում կամ էլ մեկ այլ քաղաք մեկնում՝ աշխատելու։

Այնպիսի զգացողություն է, որ Իտալիայի հյուսիսն ու հարավը լրիվ տարբեր երկրներ են, որոնք ի դեպ բացահայտ չեն սիրում իրար։ Հարավում ապրող մարդիկ համարում են, որ հյուսիսաբնակ իտալացիները սառնասիրտ են ու մեծամիտ, իսկ հյուսիսաբնակներն էլ հարավում ապրողներին «գեղացի» են անվանում։ Եվ բարբառն էլ, իհարկե, տարբեր է, ընդ որում այն աստիճանի, որ կարող են իրար չհասկանալ։

Իտալիայի հյուսիսային մասում հագուստի մեջ գերիշխում է սեւ գույնը, հարավում նախընտրում են ավելի վառ հագնվել։

Իմ կարծիքով, իտալացիները ֆրանսիացիներից լավ են հանգնվում։ Եվ ի դեպ, նրանք նախընտրում են իտալացի դիզայներների հագուստը։

Օգոստոսին ամբողջ երկիրը ուրախությամբ արձակուրդ է գնում։ Աշխատանքները դադարում են նույնիսկ ամենախոշոր ձեռնարկություններում։ Օգոստոսին աշխատում է միայն սպասարկող անձնակազմը։

«Հայի աչքերով». Բրիտանիայում փակ ակումբներ կան, որոնց անդամ կարող են լինել միայն արիստոկրատները

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել