Քառօրյա պատերազմի ժամանակ ու դրան հաջորդող օրերին վիրավորվել է 159 զինծառայող, որից միայն երեքն են մահացել հոսպիտալում: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը` ամփոփելով նախորդ տարին:

«Մենք այդ օրերին գերազանցել ենք բոլոր ցուցանիշները` եւ հիվանդներին տեղափոխելու առումով, եւ հոսպիտալներում կազմակերպվող բուժական միջոցառումների: Մեր մասնագետներն ամեն ինչ արել են վիրավորի կյանքը փրկելու համար, հոսպիտալում մահվան երեք դեպք է գրանցվել, որից մեկի ժամանակ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել արդեն մահացած»,- ասաց նա:

Կամավոր Խաչատրյանի խոսքով` ապրիլյան պատերազմից շուրջ 10 ամիս անց բուժում է ստանում 9 զինծառայող. նրանցից երկուսը հոսպիտալում են, մեկը` մասնավոր կլինիկայում, իսկ մնացած վեցը` Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Նշենք, որ հոսպիտալում գտնվող զինծառայողներից մեկը վաղը կմեկնի Մոսկվա` բուժումը շարունակելու: Եվս երկու զինծառայող բուժումը շարունակում է Գերմանիայում: