NEWS.am–ը ներկայացնում է «Հայի աչքերով» նախագիծը, որի շրջանակներում թղթակից Անի Աֆյանը հարցազրույցների շարք է նախապատրաստել, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող կամ ապրելու կենսափորձ ունեցող երիտասարդ հայերը պատմում են տեղի բնակչության կենցաղի, սովորույթների ու ավանդույթների մասին։

Վարդուհի Եղիազարյան, 25 տարեկան: Ինֆորմատիկայի ոլորտում մասնագետ, ծրագրավորող: Արդեն 4.5 տարի բնակվում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում, սովորում եւ դասավանդում է Օքսֆորդի համալսարանում: Երգում է երգչախմբում, ճանապարհորդում: Ծրագրում է մեկ տարի անց պաշտպանել թեկնածուական թեզն ու Երեւան վերադառնալ:

Օքսֆորդում այլ երկրներից այնքան շատ դասախոսներ ու ուսանողներ կան, որ զուտ անգլիացիների ընկերակցության մեջ հայտնվելը այնքան էլ հեշտ չէ։

Ի դեպ, համալսարանում որոշ քոլեջներ կենդանիներ են պահում՝ կրիաներ, կատուներ։ Ուսանողները հպարտանում են դրանցով ու խնամում։

Խիստ ոճ չկա։ Դասախոսներն ու ուսանողները կարող են շրջել այն հագուստով, որը իրենց դուր է գալիս։ Մենք մի պրոֆեսոր ունեինք, որը հագնվում էր բայքերական  ոճով։ Բայց Օքսֆորդի համալսարանը համազգեստ ունի քննությունների ու պաշտոնական միջոցառումների համար։ Դա պատմական ավանդույթ է։ Քեմբրիջում դրանից հրաժարվել են, իսկ մեզ մոտ մի քանի տարի առաջ քվեարկություն անցկացվեց ու ուսանողների մեծ մասը նախընտրեց շարունակել այդ ավանդույթը։

Կարծրատիպն այն մասին, որ այստեղ միշտ անձրեւ է ու մառախուղ, այնքան էլ ճիշտ չէ։ Լինում են նաեւ արեւոտ օրեր ու բոլորը շտապում են այգիներ, պիկնիկներ կազմակերպում ու արեւայրուք ընդունում։ Բայց երբեմն անձրեւն իրոք շաբաթներով շարունակվում է, ու արեւի հետքն անգամ չի երեւում։ Եվ այդ անձրեւը մանր է, զզվելի։ Թվում է, թե կաթիլները օդում են մնում, այլ ոչ թե գետնին ընկնում, ու հովանոցն այդ հարցում ամենեւին էլ չի օգնում։

Բրիտանացիների շրջանում «յուրային» դառնալու համար պետք է հաճախել նրանց փաբերը, գարեջուր խմել ու քննարկել ամենապոպուլյար հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը։

Ուրբաթ երեկոյան կամ էլ ցանկացած այլ օր՝ աշխատանքից հետո փաբերը գրեթե բոլորի հիմնական հանգրվանն են։ Դրանք ամեն քայլափոխի են, աշխատում են ավելի երկար, քան սրճարանները։ Այնտեղ կարելի է ուտել, գարեջուր կամ սեզոնային ըմպելիքներ խմել, զրուցել ընկերների հետ, դիտել ֆուտբոլ,  վիկտորինա խաղալ ու շատ այլ բաներով զբաղվել։ Մի խոսքով, բոլոր բրիտանացիների սիրելի ժամանցն է։ Ի դեպ, փաբերում ընդունված է հերթով ըմպելիքներ գնել բոլոր ընկերների համար։

Ուրբաթ սիրում են ուտել «ֆիշ էնդ չիպս»։ Դա տապակած ձուկ է, կարտոֆիլ ֆրի եւ ոլոռի խյուս։ Հաճախ այդ կերակրատեսակը հենց ուրբաթ են ուտում, բայց սրճարաններում ու փաբերում այն առաջարկում են նաեւ շաբաթվա մյուս օրերին։

Ինձ համար այստեղ ամենամեծ փորձությունը կարոտն է։ Կարոտը ընտանիքիս, տանս, հարազատներիս, ընկերներիս, Երեւանի, մեր սարերի հանդեպ, որոնց կարիքը ես այնքան շատ եմ զգում հորիզոնին նայելիս։

Մարդկանց առաջին արձագանքը իմ ազգությանը սա է ․«Օ, Քիմ Քարդաշյան»։Եվ  ընդամենը։ Վերջերս, ճիշտ է, ֆուտբոլասերները նաեւ Հենրիխ Մխիթարյանի անունն են տալիս։

Օքսֆորդում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք համտեսել են հայկական խորտիկներ, հետաքրքրվում են մեր պատմությունով ու երաժշտությունով ու նույնիսկ հայերենն են ուսումնասիրում։ Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր Հայաստան են մեկնում՝ գիտարշավների։ Բայց նրանց թիվը շատ քիչ է։

Օտարերկրացիները շատ են՝ հնդիկներ, պակիստանցիներ, լեհեր, իսպանացիներ, աֆրիկացիներ․․․Ոմանք այստեղ բնակություն են հաստատել դեռ կայսրության ժամանակաշրջանում, ու հիմա նրանց սերունդները իրենց լիիրավ բրիտանացիներ են համարում։ Ոմանք էլ եկել են գումար վաստակելու, չնայած վերջին ժամանակներս պետությունը փորձում է ամեն կերպ սահմանափակել միգրանտների ներհոսքը։ Տեղացիները շատ սիրալիր են ամենօրյա շփումներում ու եթե նույնիսկ նրանց միգրանտները զայրացնում են, նրանց ներկայությամբ դա ցույց չեն տա։

Ծխախոտն այստեղ թանկ է, դրա համար էլ մարդիկ իրենք էլ գլանակ փաթաթում, իսկ ոմանք էլ էլեկտրոնային ծխախոտի են անցնում։

Այստեղ մարդիկ, մանավանդ կանայք, տառապում են ավելորդ քաշից։ Սկզբում ես նույնիսկ դժվարանում էի իմ չափսով հագուստ գտնել՝ որոշ խանութներում պարզապես փոքր չափսերի հագուստ գոյություն չունի։ Կարծում եմ, որ դա ոչ այնքան ֆաստֆուդի  հետեւանքն է, որքան ազգային խոհանոցի առանձնահատկությունների։ Բավականին շատ են ճարպոտ ու տապակած կերակրատեսակները։

Թեյ խմում են օրական մի քանի անգամ, և ինչն ինձ շատ զարմացրեց, ոչ այնքան բարձրորակ։ Որպես կանոն, նրանք թրմում են թեյի փաթեթներ, ընդ որում բավականին թունդ։ Թեյը ստացվում է այնքան դառը, որ եթե կաթ չհավելես, պարզապես անհնար է այն խմել։Սուպերմարկետներում լինում է նաեւ ոչ վատ որակի տերևային թեյ, բայց մասնագիտացված խանութներում, իհարկե, եւ ընտրությունն է մեծ, եւ որակն է բարձր։

Այգիներում բազմաթիվ կենդանիներ ու թռչուններ կան՝ աղվեսներ, սկյուռեր, բադեր, սագեր, կարապներ։ Մի անգամ երեկոյան ես իմ քոլեջի մոտ երկու աղվես տեսա, հենց փողոցի մեջտեղում։ Մոտակայքում այգի կա, հավանաբար այնտեղից էին դուրս եկել։

Գրեթե բոլոր նստարանների վրա անվանական աղյուսակներ են տեղադրված՝ մահացած ազգականների հիշատակին։ ՀԻմնականում աղյուսակների վրա գրված է հանգուցյալի անունը, կյանքի տարիները, հիշողություններ «նա սիրում էր զբոսնել այս այգում» շարքից։

Ես պաշտում եմ անգլիական հումորը, բայց հաճախ  այն հասկանալու համար պետք է գերազանց տիրապետել լեզվին ու լավ ծանոթ լինել մեդիամշակույթին։ Առհասարակ, նրանց հումորի մեջ շատ է հեգնանքը, ու այդ հումորը վարակիչ է։

Առայսօր չեմ կարողանում հարմարվել փողոցում անօթեւանների քանակին։ Նրանք այնքան շատ են։ Այդ մարդիկ իրոք ապրելու տեղ չունեն, ու նրանք գիշերում են հենց փողոցում՝ անձրեւին ու սառնամանիքին։

Բրիտանիայում ուժեղ է արտահայտված հասարակության դասակարգումը, որը որոշվում է ոչ միայն փողով, այլեւ ծագումով ու կրթությամբ։ Օրինակ երիտասարդները ընդունվում են նույն համալսարաններ, որտեղ ավանդաբար սովորել են նրանց նախնիների մի քանի սերունդները։ Գոյություն ունեն փակ ակումբներ, որոնց անդամներ կարող են դառնալ ազնվական ծագում ունեցողները։ Իհարկե այսօր ուսումը Օքսբրիջում՝ այսպես են մեկ բառով կոչում Օքսֆորդն ու Քեմբրիջը, կամ էլ օրինակ հաջողությունները բիզնեսում ջնջում են այդ սահմանների մի մասը ու բացում որոշ դռներ, որոնք ամուր փակված են երկրի հիմնական բնակչության առջեւ։

Լսել եմ, որ բրիտանացիների շրջանում կան թմրախոտեր ծխողներ, բայց թե որքանով է այդ երեւույթը տարածված, գնահատել չեմ կարող։

Բոլորն այնքան սիրալիր են, իսկ հետո վերադառնում ես տուն՝ Երեւան ու սովորության համաձայն ներողություն ես խնդրում ու շնորհակալություն ասում ամեն պատեհ առիթով կամ առանց առիթի, իսկ մարդիկ զարմացած քեզ են նայում։ Քեզ մի քիչ տարօրինակ ես զգում։

Ուսանողական հանրակացարաններում ու բազմաբնակարան շենքերում մեծամասամբ օգտվում են լվացքատնից։ Ընդհանուր լվացքատներում դրված են լվացքի ու չորացման մեքենաներ, որոնք կարելի է միացնել մետաղադրամով։ Մեկ լվացքը մոտավորապես 3-3․5 ֆունտ արժե՝ մոտ 2000 դրամ։ Իսկ սեփական տներում իհարկե սեփական լվացքի մեքենաներ կան։

Ծայրահեղ անպարկեշտ են համարվում նյութական բարեկեցության, աշխատավարձի ու ծախսերի մասին հարցերը։ Դրանք խիստ անձնական թեմաներ են ու վերջ։

Ամեն ինչ խիստ հերթերով է ՝ մարդիկ չեն հրում իրար, իրար շատ մոտ չեն կանգնում, ինչպես մենք ենք սիրում անել, այլ հանգիստ գնում են կանգնում հերթի վերջում։ Եթե որեւէ մեկը փորձում է խորամանկել, կարող են խիստ նկատողություն անել։

Բրիտանիան ուժեղ տարբերվում է մնացյալ Եվրոպայից ու միաժամանակ հենց ինքն էլ է բազմադեմ։ Իհարկե Անգլիան ու անգլիական ամեն ինչը ճնշում է մնացած լեզվական ու մշակութային տարրերը, մանավանդ օտարերկրացիների աչքերում, որոնք չեն կասկածում, որ գոյություն ունի ուելսերեն ու որ կան շոտլանդական ազգային կերակրատեսակներ։ Բայց մի բան միավորում է այդ բոլոր մարդկանց՝ նրանք բոլորը շատ ավանդապաշտ են ու պատրաստ են ապրել փոքր սենյակներում, օգտվել սառը ու տաք ջրի տարբեր ծորակներից, գնալ աշխատանքի հեծանիվով ու առանց տրնտջալու, հարյուրավոր տարիներ խնամել տան մոտ աճող գազոնը։

Բրիտանիայի բնակիչները միշտ սիրալիր են ու զուսպ։ Իհարկե դա ավելի հեշտացնում է նրանց հետ շփումը, բայց միաժամանակ խանգարում է իսկապես ճանաչել զրուցակցին, բացահայտել նրա էությունը։ Չէ՞ որ երբեմն այդ արտաքին հանգստության տակ միայնակ ու անօգնական մարդ է թաքնված։

«Հայի աչքերով». Գերմանացիները դեմ չեն երբեմն կոտրել համակարգը եւ վայելել պահը

«Հայի աչքերով». jeito do brasil, կամ կյանքը հիասքանչ է, ո՞ւր ես շտապում

«Հայի աչքերով». Չեխերը սիրում են սեւ հումորը, կարող են կատակել անգամ դժբախտ պատահարի մասին

«Հայի աչքերով». Իտալացիները ձեւեր չեն թափում, գրեթե անմիջապես «դու»-ի են անցնում եւ անձնական հարցեր տալիս

«Հայի աչքերով».Կորեացիները արձակուրդ հասկացությունը չունեն – հանգստի ժամանակ չկա 

«Հայի աչքերով». Ամեն հինգշաբթի Ամստերդամի բնակիչները փողոց են դուրս բերում անպետք իրերը

«Հայի աչքերով». Կարեւոր էր Ցեղասպանության թեմայով մագիստրոսական ատենախոսությունը հենց Թուրքիայում պաշտպանել