Համաշխարհային բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող «Ֆամբոքս» ընկերությունը բիզնես համագործակցություն են սկսել:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։

Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը եւ պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարեւորագույն պատվերի իրականացումը ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց  ստարտափ ընկերությանը:

«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին եւ հետեւեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տեւողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», – նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, եւս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլեւ ԳՏԿ-ի համար սա իրական հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում Մարկլոջիքի ոլորտում, ինչպես նաեւ՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:

«ԳՏԿ-ի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, եւ հատկապես վերջին ամիսներին մենք շարունակական բանակցություններ ենք վարում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ», – հավելեց Ամալյա Եղոյանը։

Կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքներն նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից ստեղծվում են նոր շխատատեղեր, մյուս կողմից աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ ԳՏԿ-ն դարձնելով գրավիչ եւ որակյալ վայր բիզնեսի զարգացման համար:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Այն լավագույնս ծառայում է իր առաքելությանը՝ Գյումրին դարձնել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների եւ ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը եւ հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների եւ ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ: