Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը,․ Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան պայմանավորվել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի վերաբերյալ, որին Բաքվի հարցումով ձերբակալել էին Մինսկում։

«Եթե Իսրայելը, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, մենք կանենք այնպես, ինչպես նրանք կպայմանավորվեն․․․Իսրայելը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կամ պայմանավորվել են, կամ կպայմանավորվեն այս մարդու ճակատագրի վերաբերյալ, նրանք շատ սերտ համագործակցում են։ Իսրայելը սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, եթե Իսրայելը ցանկանա, այդ մարդու գլխից մի մազ անգամ չի պակասի»,- ասել է Բելառուսի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լուկաշենկոյի խոսքով, Լապշինն «այդքան էլ սարսափելի հանցագործություն չի գործել»։

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: