Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանը փետրվարի 8–ին դարձավ 23 տարեկան: Մի քանի տարի առաջ Պապիկյանի հետ մեծ հույսեր էին կապում Հայաստանում, նա դիտվում էր որպես ազգային հավաքականի նոր սերնդի խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս լեհական «Բելխատուվ»  թիմում: NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

Աղվան, շնորհավոր տարեդարձդ: Նոր ես ապաքինվել ծանր վնասվածքից, որը ստացար նախորդ տարվա օգոստոսին: Ինչպե՞ս է առողջական վիճակդ այժմ: Ե՞րբ լիովին պատրաստ կլինես:

Շնորհակալություն: Այժմ մարզվում եմ թիմի հետ, բայց միայն հնարավորություններիս 80 տոկոսով: Ամեն ինչ նորմալ է ընթանում, բայց խաղերին դեռ չեմ մասնակցում: Հուսամ՝ մյուս շաբաթից արդեն հիմնական պարապունքներին կմիանամ:

Պայմանագիրդ մինչեւ ե՞րբ է ուժի մեջ:

Մինչեւ այս տարվա ամառ: Բայց այժմ մտածում եմ միայն ապաքինվելու ու խաղալու մասին:

Ժամանակին այստեղ քեզ հետ մեծ հույսեր էին կապում, բայց վերջին տարիներին քեզ չեն հրավիրում Հայաստան:

Այդ հարցը ինձ պետք է չտաք: Ես չգիտեմ: Եկա Լեհաստան ու մոռացան իմ մասին: Չնայած այստեղ գալով ես ավելի լավ սկսեցի խաղալ: Այստեղ ավելի լավ մարզավիճակում էի ու չէին կանչում: Հայաստանի առաջնությունում, երբ խաղում էի այսքան լավ մարզավիճակում չէի ու կանչում էին: Իհարկե, կարոտում եմ հավաքականի համար խաղալը: Դա իմ երազանքն է: Ինչ տեղափոխվել եմ Լեհաստան, այլեւս կապ չկա ՀՖՖ-ի հետ:

Հնարավո՞ր է մեկ օր կրկին հանդես գաս Հայաստանի առաջնությունում:

Ոչ, ինչ էլ ինձ հետ պատահի, Հայաստան հետ չեմ գա:

Ինչպե՞ս են գործերդ եղբորդ՝ Վոլոդյա Պապիկյանի մոտ:

Նա իմ հետ նույն ակումբում է խաղում, սակայն  երկրորդ թիմում է հանդես գալիս: Նա բավական ժամանակ էր բաց թողել: Այժմ նրան պատրաստում են առաջին թիմի համար:

Վերա Մարտիրոսյան