Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանական կողմին են հանձնել ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները:

Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսեւորում եւ առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, սույն թվականի նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները:

Միաժամանակ տեղի է ունեցել նաեւ ԼՂՀ քաղաքացի, 86-ամյա Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:
Նշենք, որ ԼՂՀ-ն հանձնել է ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը,  նոյեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Հայաստանի քաղաքացի, Բաքվի բանտում մահացած 20-ամյա Մանվել Սարիբեկյանի աճյունը, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Էլդար Թաղիեւին, ով մոտ 10 ամիս առաջ ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանը: