Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը փոքր- ինչ ուշացած է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով դեսպանի կոռուպցիայի վերաբերյալ արված հայտարարությունն ու առաջարկած քայլերին:

«Ես ցավով պետք է արձանագրեմ, որ ինձ թվում է` ԱՄՆ դեսպանին իր աշխատակազմը չի ներկայացրել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք Կառավարությունը ոչ միայն նախաձեռնել է, այլեւ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Ապօրինի հարստացումը դրա վառ օրինակն է, եւ նմանառիպ մի շարք այլ քայլեր` թերի հայտարարագրելը կամ չհայտարագրելը եւս նախատեսված են այդ թվում նաեւ Քրեական օրենսգրքով` որպես հանցակազմեր; Հայտարարությունը փոքր- ինչ ուշացած էր, եթե լիներ 6 ամիս առաջ, ես կարող էի համաձայնել, իսկ այսօր հղում կանեմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Ռիչարդ Միլսը կառավարության քննությանն էր ներկայացրել երկու կոնկրետ առաջարկ. «Նախ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»: