Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի կարդիովիրաբույժները փրկել են դանակը սրտի մեջ մտած երիտասարդի կյանքը:

NEWS.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ 25-ամյա երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել փետրվարի 16–ին ուշ երեկոյան դանակահարված վիճակում:

«Երիտասարդին դանակահարել են դեղատանը, դանակը մտել է անմիջապես սրտի մեջ: Հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե անց երիտասարդը վիրահատվել է: Շատ հազվադեպ բան է աշխարհում, որ սրտամկանի շրջանում վիրավորում ստացած հիվանդի կյանք է հաջողվում փրկել, բայց մեր բժիշկները դա արեցին»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

Նշենք, որ վիրահատությունը կատարել է սրտային վիրաբույժ Մհեր Սուսանին: Դանակահարված երիտասարդի վիճակը ծանր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: