Իրանի ԱԳՆ-ն բացատրությունների է կանչել Թուրքիայի դեսպան Ռազում Հաքան Թեքինին՝ նախագահ Էրդողանի ու ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունների կապակցությամբ։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել այդ հակաիրանական հայտարարությունների կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտնել է, որ Թեհրանի համբերությունը անսահմանափակ չէ, հայտնում է Mehr–ը։ Նրա խոսքով, պետհեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիան բարդ դրության մեջ է հայտնվել, թուրք պաշտոնյաները իրենց բարկալից հայտարարություններով փորձում են ուրիշների վրա բարդել ներքին ու տարածաշրջանային խնդիրների համար մեղավորությունը ։ «Մենք չենք ուզում նման հռետորաբանություն լսել Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։ Մենք համբերատար կլինենք, բայց մեր համբերությունը որոշակի սահման ունի»,- նշել էՔասեմին։

Նշենք, որ Մյունխենյան համաժողովի ժամանակ իր ելույթում Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ «Իրանը ուզում է Սիրիայի ու Իրաքի մուսուլմաններին շիաներ դարձնել» ։ Նա նաեւ Իրանին կոչ է արել դադարել սպառնալ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։