«Իսկանդերն» այնպիսի զենք է, որը պետք է որոշումներ կայացնելիս սթափեցնի ցանկացած տաքացած գլուխ: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կարող եմ ալգորիթմը ներկայացնել: Այդ զենքի նշանակությունն ու չափորոշիչները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր» կիրառելու որոշումը սերտորեն կապված կլինի իրադրության զարգացման հետ: Ամեն դեպքում՝ մենք այն որպես երաշխավորված հարվածի զենք ենք դիտարկում, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպման զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացումը կարող է թելադրել վերանայել նման մոտեցումները, բայց, ըստ էության, այս զենքն իր հնարավորություններով այնպիսին է, որ պետք է որոշումներ կայացնելիս սթափեցնի ցանկացած տաք գլուխ»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները պատկանում են Հայաստանի զինված ուժերին, եւ այն կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները:

«Այն, որ «Իսկանդեր»-ներն ուղարկվել են Հայաստան, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորը տեսել են: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող են լիարժեք վստահությամբ հաստատել: Եվ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին. երբ, ինչ փողերով են դրանք ձեռք բերվել, ինչպես հասկանում եք, գաղտնի է»,- նշել է Վիգեն Սարգսյանը: