«Այաքս» ու «Բարսելոնա» թիմերի պաշտպան, Հոլանդիայի հավաքականի ավագ Ֆրանկ դե Բուրը, ով ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո «Այաքսում», հետո նաեւ «Ինտերում» գլխավոր մարզիչ էր աշխատում, հարցազրույց է տվել  NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին, որտեղ պատմել է իր ապագա պլանների, Հոլանդիայի հավաքականի խնդիրների եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին, ում ժամանակին մարզել է:

Ֆրանկ, նախորդ ամռանը գլխավորեցիք «Ինտերը», բայց նոյեմբերին արդեն հեռացաք թիմից: Ինչո՞վ եք այս պահին զբաղվում:

«Ինտերի» հետ աշխատանքս ցավոք հաջող չստացվեց: Մնացի այնտեղ միայն մի քանի ամիս: Այժմ ժամանակավոր դադար եմ վերցրել, հանգստանում եմ: Ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ: Եկող մրցաշրջանում կսկսեմ աշխատել նոր թիմի հետ:

Գուցե մի օր գլխավորեք Հոլադիայի ազգային հավաքակա՞նը:

Ամեն բան հնարավոր է այս կյանքում: Բայց այժմ ես զգում եմ, որ ինձ դեռ վաղ է գլխավորել հավաքականը: Ես դեռ ուզում եմ աշխատել ակումբների հետ: Այս պահին իմ սիրելի առաջնությունը Անգլիայինն է: Կցանկանամ այնտեղի թիմերից մեկը գլխավորել: Բացի այդ լեզուն բավական հեշտ է այլ երկրների հետ համեմատ:

Այս պահին կա՞ն առաջարկներ:

Այո կան, բայց ցանկանում են, որ ես հենց հիմա միանամ թիմին՝ ֆուտբոլային տարվա կեսից: Իսկ ես կուզեմ գլխավորել թիմը հենց տարվա սկզբից:

Հոլանդիայի հավաքականը միշտ եղել է ուժեղ ու մրցունակ: Այսօր նա բավական թուլացել է: Կարծում եք՝ պատճառը սերնդափոխության մե՞ջ է:

Այո, այս պահին այնքան էլ ուժեղ չենք: Խնդրի մի մասը, այո սերնդափոխության մեջ է: Բացի այդ, կա նաեւ այն փաստը, որ մեր շատ խաղացողներ լքում են Հոլանդիայի առաջնությունը դեռ շատ երիտասարդ տարիքում ու գնում ուժեղ առաջնություններ, ինչպիսին Անգլիան է, Իսպանիան: Նրանք հիմնականում լինում են 20–21 տարեկան: Լավ է, երբ ֆուտբոլիստը մշտապես խաղա, բայց այդ երիտասարդները ամեն խաղում չէ, որ ստանում են խաղային պրակտիկա: 20 տարեկանում պետք է բոլոր խաղերին մասնակցես, աճես, որ արդեն 25– 26 տարեկանում փորձ ունենաս: Օրինակի համար Մեմֆիս Դեպայը: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Լքեց ՊՍՎ-ն շատ երիտասարդ տարիքում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» նա բավականաչափ խաղային պրակտիկա չէր ունենում: Այս հավաքականի հետ կապված հույս ունեմ, որ Ռոբենն ու Ստրոտմանը կապաքինվեն ու կխաղան: Նրանք շատ կարեւոր են մեզ համար: Երկար բացակայեցին վնասվածքների պատճառով: Հուսամ, երբ ապաքինվեն, թիմը լավ  արդյունքները կգրանցի:

Հոլանդիայում աճո՞ւմ է տաղանդավոր երիտասարդություն:

Այսպիսի իրավիճակ երբեմն լինում է: Մենք 80–ականներին կեսերին էլ խնդիր ունեինք կադրերի հետ: Հուսանք հիմա լավ երիտասարդ սերունդ է առաջ գալիս՝ հատկապես «Այաքսում», որոնք կհամալրեն ազգային հավաքականը:

Երբ Դուք մարզում էիք «Այաքսը» այնտեղ հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Ի՞նչ կասեք նրա մասին:

Նա այդքան էլ մոտիվացված չէր, բայց ես կարող էի հասկանալ նրան: Արասը մեկ խաղ խաղում էր, մեկ խաղ չէր խաղում: Երբ նա տեղափոխվեց այլ թիմ ու սկսեց բավականաչափ խաղային ժամանակ ունենալ, այդ ժամանակ երեւաց նրա իսկական պոտենցիալը, քանի որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես նրան ասացի, որ չեմ ցանկանում, որ լքես «Այաքսը»: Իհարկե, կընդունեմ քո որոշումը, բայց դու կարող ես դառնալ շատ կարեւոր ֆուտբոլիստ «Այաքսի» համար: Բայց «Այաքսում» նա բավականաչափ մոտիվացված չէր:

Փաստորեն «Այաքսից» հեռանալը նրա ցանկությունն էր:

Այո, ես չէի ցանկանում, որ նա հեռանա, բայց նա  այնտեղ հեռանկարներ տեսավ: Արասը մի քիչ բախտավոր չէր իր ծնկի հետ կապված հարցերում: Արդեն երրորդ անգամ վիրահատվում է: Ռուսաստան տեղափոխվելը մեծ հնարավորություն էր նրա համար: Այնտեղ նա լավ շրջան ունեցավ:

Կարծում եք՝ Ռուսաստանի առաջնությունը լա՞վ տարբերակ էր նրա համար:

Ռուսաստանում խաղալը լավ հնարավորություն է այլ լիգաներում հայտնվելու համար, օրինակ նույն Անգլիայում: Այժմ նա 26–27 տարեկան է: Նա, իհարկե, պետք է մտածեր իր հետագա կարիերայի մասին, իր ընտանիքի մասին: Ռուսաստան տեղափոխվելուց առաջ նա, իհարկե, մտածել է ամեն բանի մասին, հաշվարկել է: Ես հասկանում եմ իրեն:

Ձեր կարծիքով, այս տարվա Չեմպիոնների լիգայում ո՞ր թիմն ունի ամենամեծ հնարավորությունները:

Կարծում եմ՝ «Ռեալ Մադրիդը» ունի շատ լավ հնարավորություններ: ՊՍԺ շատ լավ տպավորություն թողեց «Բարսելոնայի» հետ խաղում: Երրորդ թիմը «Բավարիան» է: Կարծում եմ` սրանք են հիմնական ֆավորիտները:

Որպես ֆուտբոլիստ Ձեր կարիերայի լավագույն ու վատագույն խաղերը:

Վատագույնը Եվրո 2000-ին էր, երբ ես չիրացրեցի  11 մետրանոցները: Այդ տարի մենք կարող էինք դառնալ Եվրոպայի չեմպիոն: Իսկ լավագույնը, չնայած որ մենք պարտվեցինք 11 մետրոնոցներով, Բրազիլիային ԱԱ 1998-ի կիսաեզրափակիչում էր: Իմ կարծիքով իմ լավագույն խաղն էր:

Իսկ դրան նախորդող խաղում Ձեր հիանալի փոխանցումից հետո Դենիս Բերգամպը խփեց այն հրաշալի գոլը:

Այո դա քառորդ եզրափակչում էր, Արգենտինայի հետ խաղում:

Ունե՞ք ֆուտբոլային երազանք:

Առաջին հերթին ցանկանում եմ լինել առողջ: Դա է ամենակարեւորը: Ցանկանում եմ տալ ամեն ինչ այն թիմին, որի հետ կաշխատեմ: Իհարկե, ցանկանում եմ տիտղոսներ նվաճել ոչ միայն Հոլանդիայում, այլ նաեւ այլ երկրներում:

Վերա Մարտիրոսյան