Անցել է երկու տարի, բայց երեւանցիները դեռ չեն մոռանում Խորեն Հովհաննիսյանի ամյա հոբելյանին նվիրված մեծ ֆուտբոլային տոնը, որին մասնակցեցին համաշխարհային ֆուտբոլի աստղերը: Այդ տոնը երեւանցիներին պարգեւեց մոսկվայաբնակ գործարար, ֆուտբոլի մեծ սիրահար Արթուր Սողոմոնյանը: Արդյոք պատրաստվո՞ւմ է մոտ ապագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպել Հայաստանում, հանդիսանո՞ւմ էր նա «Միկա» ակումբի բաժնետեր, պատրաստվո՞ւմ է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը, այս ամենի մասին գործարարը պատմեց NEWS.am-իթղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:

Պարոն Սողոմոնյան, Երեւանը դեռ չի մոռանում Խորեն Հովհաննիսյանի հոբելյանը: Կարելի է վստահ ասել, որ մենք սպասում ենք ֆուտբոլային նոր տոների: Պատրաստվո՞ւմ եք մոտ ապագայում կազմակերպել նոր միջոցառումներ:

Իմ սերը ֆուտբոլի հանդեպ չի կորել: Պակաս չեմ սիրում նաեւ Հայաստանը: Վստահ կարող եմ ասել, որ Խորեն Հովհաննիսյանի հոբելյանը վերջին ֆուտբոլային տոնը չի լինի Հայաստանում: Առաջիկա մեկ-երկու տարում պատրաստվում ենք եւս մեկ մեծ միջոցառում անցկացնել:

Այժմ ես ավելի շատ փորձում եմ օգնել Հայաստանի մանկական ֆուտբոլին: Մենք Մխիթարյանի օրինակի վրա տեսնում ենք, որ չնայած փոքր ազգ ենք, աշխարհին միշտ տաղանդներ ենք տվել: Ֆուտբոլը մեր արյան մեջ է: Պատահական չէ, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում «Արարատն» ու «Դինամոն» ամենահարուստ տեխնիկապես զարգացած ֆուտբոլն էին ցուցադրում: Ես ուզում եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին: Մենք կապ ենք պահում «Բարսելոնայի» ու «Միլանի» դպրոցների հետ: Եկող տարվանից ՖԻՖԱ-ն սկսում է նոր ծրագիր՝ մանկական սպորտային ակադեմիաների ստեղծում տարբեր երկրներում: Այն համակարգելու է հանրահայտ ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը, ով եկել էր Հայաստան 2015–ին: Մենք այդ ծրագրի մեջ ենք ներառել նաեւ Հայաստանը: Մեր նպատակն է, որ մեր երկրում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը չպակասի: Մենք ուզում ենք հնարավորություն տալ փոքրիկներին, որոնք ցանկանում են նմանվել Մխիթարյանին, բայց հնարավորություն չունեն:

Ինչ վերաբերում է վետերաններին… մենք արդեն ունենք ծրագրեր, երբ հստակություն լինի կհայտնենք: Մենք շատ տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ ունենք, ում հոբելյանը պետք է նշել: Նախորդ տարի Նիկիտա Սիմոնյանի 90-ամյակն էր: 15  տարի առաջ ես նրա 75-ամյակը նշեցի Երեւանում: Շատ հուզիչ էր: «Հրազդան» ստադիոնը գրեթե լցվել էր: Անձրեւ էր գալիս, բայց մարդիկ եկել էին: Սիմոնյանը զգում էր, թե որքան շատ են իրեն սիրում հայերը: Նա անգամ հուզվեց: Բայց այս տարի չցանկացավ նշել: Առողջական խնդիրներից եւ այլ պատճառներից ելնելով: Բայց մենք այլ ֆուտբոլիստներ էլ ունենք, ում հոբելյանը պետք է նշենք: Բացի այդ դա լավ տոն է քաղաքի համար: Մարդիկ ցրվում են հոգսերից ու վայելում ֆուտբոլը:

Հունիսին Դուք կազմակերպել եք Նիսի ողբերգության տարելիցին նվիրված խաղ, որին կմասնակցեն համաշխարհային աստղերը:

Ես այդ հանդիպման մասնակիցներից եմ, բայց ոչ կազմակերպիչը: Այդ խաղը նվիրված է լինելու Նիսի ողբերգության տարելիցին: Բոլոր միջոցները կգնան զոհվածների ընտանիքների օգնությանը: Այդ խաղին կմասնակցեն Ֆրանսիայի ու Իտալիայի առաջին մեծության աստղերը: Ֆրանսիայի թիմի ավագը լինելու է Զիդանը: Չնայած զբաղվածությանը, նա արդեն իր համաձայնությունն է տվել:  Իտալիայի թիմի ավագը, ամենայն հավանականությամբ, կլինի Մալդինին:  Կարծում եմ՝ լավ խաղ է սպասում:

Նախորդ տարի Դուք սկսեցիք օգնել «Միկա» ֆուտբոլային ակումբին, բայց երբ նրանք պարտվեցին Գավաթի եզրափակչում, չշարունակեցիք համագործակցությունը: Կարծիք կա, որ եթե թիմը չպարտվեր Գավաթում, այն չէր դադարի իր գոյությունը եւ Դուք գուցե մնայիք:

Ֆուտբոլում ինչպես հաճախ կյանքում է լինում, կեղծ լուրեր են շրջանառվում: Ես զրուցել էի Միկայի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ: Սկսեցի օգնել թիմին: Ես ոչ ֆուտբոլային չինովնիկ եմ ոչ էլ ադմինիստրատոր: Ես կողքից էի օգնում:  Միկան լուրջ խնդիրներ ուներ, ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Ես փորձեցի օգնել, բայց նրանք հասկացան, որ առաջվա պես աշխատել այլեւս չեն կարող եւ Բաղդասարովը որոշեց, որ թիմը այլեւս չի մասնակցի առաջնությանը: Ես թիմի բաժնետեր չեմ հանդիսացել: Մենք Խորեն Հովհաննիսյանի հետ փորձում էինք օգնել: Հրավիրեցինք Սերգեյ Յուրանին, թիմը դուրս եկավ Գավաթի եզրափակիչ, բայց «Բանանցն» ավելի ուժեղ գտնվեց: Իմ շարժառիթը նրանում է, որ «Միկան» ունի մանկական դպրոց: Հասկանում եմ որ պրոֆեսիոնալ սպորտը շատ կարեւոր է, բայց նրանով պետք է պրոֆեսիոնալ զբաղվել: Իսկ ես զբաղվածությանս պատճառով չեմ կարող: Ինչքան գիտեմ «Միկայի» դպրոցում դեռ աշխատում են մարզիչներ, ովքեր փորձում են փրկել թիմը: Մյուս այցիս ժամանակ պլանավորում եմ այցելել այնտեղ ու տեսնել՝ ինչ կարելի է անել:

Իսկ «Միկա» թիմի հետ այլեւս չե՞ք աշխատի:

Այն եզրափակչից հետո գործ չեմ ունեցել: Բաղդասարովի հետ էլ չենք շփվել: Հայաստանում ակումբ ունենլու համար, պետք է հասկանալ, որ դա շահութաբեր գործ չէ: Հուսամ՝ Հայաստանում գնալով ամեն բան ավելի լավ կլինի: Գիտեմ, որ կան ռուսաստանաբնակ գործարարներ, ովքեր պատրաստ են գումար ներդնել հայկական ֆուտբոլի մեջ: Շատ ուրախացնում է Ջեւան Չելոյանցի աշխատանքը «Բանանցում»: Նա վերստեղծեց «Բանանցի» դպրոցը: Որքան գիտեմ, նա թիմի հետ կապված լուրջ եւ ամբիցիոզ ծրագրեր ունի: Շատ ուրախ եմ, որ կան այդպիսի հայեր, ովքեր չեն մոռանում իրենց արմատները եւ օգնում են հայկական ֆուտբոլին: Բայց ես նման պլաններ չունեմ: Ինձ համար դա ավելի շատ հոբբի է, այլ ոչ թե պրոֆեսիոնալ զբաղմունք:

Վերա Մարտիրոսյան