Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, «Յուվենտուս», «Բարսելոնա», «Միլան» թիմերի նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Ձամբրոտան հարցազրույց է տվել NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին, որտեղ պատմել է իր ապագա պլանների, կարիերայի լավագույն պահերի ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:

Այս պահին Դուք մարզում եք հնդկական «Դելի Դայնամոս» թիմը: Պատրաստվո՞ւմ եք երկարաձգել պայմանագիրը: Չե՞ք ցանկանա աշխատել Եվրոպայում: Եթե այո, ո՞ր լիգայում:

Մենք հիմա «Դելի Դայնամոսի» հետ բանակցություններ ենք վարում պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ: Հետո, մեկ օր կցանկանամ աշխատել Եվրոպայում որպես մարզիչ: Դա իմ նպատակներից մեկն է, բայց հիմա ես դեռ պետք է աճեմ որպես մարզիչ: Իսկ Հնդկաստանը տալիս է լավ հնարավորություններ: Ապագայի համար չունեմ նախընտրած լիգաներ: Ես բաց եմ տարբեր երկրներում  փորձ ունենալու առաջարկների համար:

Հանդես եք եկել տարբեր թիմերում: Ձեր կարիերայի լավագույն պահը:

Կարծում եմ՝ մի քանի հաջող փուլ եմ ունեցել: Սկզբում, երբ հանդես էի գալիս Իտալիայի երրորդ դիվիզիոնում՝ «Կոմո» թիմում: Դա պրոֆոսիոնալ ֆուտբոլում առաջին տարիներս էին: Հետո երբ խաղում էի «Բարիում», ինձ առաջին անգամ կանչեցին Իտալիայի ազգային հավաքական: Հետո «Յուվենտուսում», երբ Մարչելո Լիպպիի հետ հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ Մանչեսթերում «Միլանի» դեմ: Եվ, իհարկե, Իտալիայի հետ աշխարհի չեմպիոն դառնալը 2006–ին:

Ձեր կյանքի լավագույն խաղը:

Կարեւորագույնը աշխարհի առաջնության եզրափակիչն էր Բեռլինում 2006-ին:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ի՞նչ կփոխեիք Ձեր կարիերայում:

Ոչինչ չէի փոխի:

Կցանկանայի՞ք հանդես գալ այլ ժամանակահատվածում:

Եթե այդպիսի հնարավորություն լիներ, կցանկանայի հանդես գալ միայն այն ժամանակ, երբ ես խաղում էի, քանի որ դա լավագույն ֆուտբոլային ժամանակաշրջանն էր Իտալիայում ու ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ շատ չեմպիոններ կային ու աստղեր: Նկատի ունեմ 1995-2012 թվականները:

Ո՞ր թիմը ամենամեծ հնարավորություններն ունի այս տարի ՉԼ-ում հաղթելու:

Ես կառանձնացնեի ՊՍԺ-ն, «Ռեալը», նաեւ «Բարսելոնան» չնայած հիմա դժվար պահեր է ապրում, բայց դա ֆանտաստիկ թիմ է: «Յուվենտուսը» եւս լավ մրցաշրջան է անցկացնում: «Բավարիան» նույնպես ուժեղ թիմ է: Նրանք բոլորը լավ շանսեր ունեն:

Ո՞վ է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Եթե պետք է մեկին ընտրեմ՝ դա Մեսսին է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ նրա հետ «Բարսելոնայում», տեսնել նրա խաղն ամեն օր: Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Վերա Մարտիրոսյան