ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 25-ի իր նիստում գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները (ֆոտոռեպորտաժ):

 վարչական շենքում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է ԿԸՀ նիստը, որտեղ քննարկվելու է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման եւ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու մասին հարցերը:

ԿԸՀ-ն առանձին-առանձին որոշումներ կայացրեց, ըստ որոնց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունների համամասնական ու  տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարեց գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային:

Գրանցվեց 5 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք, հաստատվեց թվով 1531 պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ անդամները՝ ներկայացնելով քաղաքական ուժերի ցուցակները, նշեցին, որ որոշ ցուցակների հետ կապված տեխնիկական թերություններ են եղել, որոնք շտկվել են։ Եղել է մեկ ինքնաբացարկ «Ծառուկյան դաշինքից», 2 ինքնաբացարկ եւ մեկ մահվան դեպք Կոմունիստական կուսակցությունից, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։ 

«Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցումը մերժվեց, քանի որ բացակայում էին փաստաթղթերը: