«Այաքս», «Բարսելոնա», «Լիվերպուլ» թիմերի աստղ, Ֆինլանդիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի 1994–95 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Յարի Լիտմանենը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զույցում խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, «Բարսելոնայի» հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունների, ՖԻՖԱ-ի նորարարությունների եւ շատ այլ բաների մասին:

Յարի, վերջին անգամ զրուցել ենք երկու տարի առաջ, երբ եկաք Հայաստան: Ինչո՞վ եք հիմա զբաղվում:

Հիմա շատ զբաղված եմ տարբեր գործերով: Օգնում եմ Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային, խորհուրդներ եմ տալիս մարզիչներին, թիմերին, ղեկավարներին: Շուտով Ֆինլանդիայում կանցկացվի Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Երբեմն թրեյնինգ ճամբարներ ենք անցկացնում երիտասարդ ֆուտբոլիստների համար, երբեմն մեկնաբանում եմ ֆիննական հեռուստատեսության համար: Մեկնաբանում էի Չեմպիոնների լիգայի խաղերը:

Ինձ հաճախ հարցնում են՝ չե՞մ ցանկանում դառնալ մարզիչ: Բայց մարզիչ լինել, նշանակում է ժամանակդ ամբողջությամբ տալ այդ գործին ՝ օրվա 24 ժամը:  Դեռ չունեմ արտոնագիր: Անիմաստ է մարզչական արտոնագիր ունենալ ու թիմ չունենալ: Դա նույն բանն է, որ վարորդական իրավունք հանես ու մեքենա չունենաս:

Ինձ թվում է՝ Ձեզ դժվար չի լինի թիմ գտնել Ֆինլանդիայում:

Այո, բայց կախված է՝ որտեղ: Ակո՞ւմբ մարզել, թե՞ երիտասարդական թիմ… ես դեռ չգիտեմ, ցանկանո՞ւմ եմ ամբողջ ժամանակս տրամադրել մարզչական աշխատանքին: Հիմա ցանկանում եմ օգնել ֆիննական ֆուտբոլին:

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստները հիմնականում աշխատել կամ աշխատում են այդ թիմում տարբեր պաշտոններում՝ Վան դեր Սարը, Օվերմարսը, Բերգկամը, Դե Բուրը, Բլինդը: Չե՞ք ցանկանա մի օր աշխատել Ձեզ համար այդքան հարազատ թիմում:

Ես այժմ Հոլանդիայում չեմ ապրում, այդ դեպքում պետք է տեղափոխվեմ: Երբ ապրում ես Հոլանդիայի պես երկրում եւ աշխատում «Այաքսի» պես թիմում, պետք է ժամանակդ ամբողջությամբ տրամադրես դրան: Ես ապրում եմ Ֆինլանդիայում ու Էստոնիայում: Անընդհատ շրջագայում եմ:

Ձեր լավագույն տարիները 90–ականներին էին: Հիմա ֆուտբոլը ավելի շահութաբեր է դարձել: Չէի՞ք ցանկանա հիմա սկսել կարիերան:

Ցանկացած ժամանակաշրջան ունի իր լավ ու վատ պահերը: Եթե ավելի հետ գնանք՝ 70-80-ականներում ավելի քիչ գումար կար:  Միայն ֆուտբոլը չէ, որ փոխվել է: Կա պրոֆեսիոնալ ու սիրողական ֆուտբոլ: Շատ երկրներում սիրողական ֆուտբոլն ավելի զարգացած, է քան Ֆինլանդիայում պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Կյանքում ամեն բան է փոխվում: Ես սիրում եմ ֆուտբոլը հենց ֆուտբոլի համար: Բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս, բայց ես դա չեմ կարող փոխել: Փորձում եմ վայելել ֆուտբոլը հենց նրա համար, որ այն ֆուտբոլ է:

Կարծում եք ֆուտբոլն արժե՞ այն ահռելի գումարներին, որ ծախսվում է այնտեղ:

Ֆուտբոլին այդքան մեծ գումար է հատկացվում, քանի որ մարդիկ, լրատվամիջոցները, մեծ ընկերությունները հետաքրքրված են դրանով: Ֆուտբոլը այն եզակի բաներից է, որ ամբողջ աշխարհում է տարածված: Մեսսին ու Ռոնալդուն միշտ պետք է այդքան շատ վարձատրվեն, հակառակ դեպքում նրանք անվճար կգնան: Բայց այդ կարգի ֆուտբոլիստները միշտ հետ են բերում իրենց վրա ծախսված գումարները: Սա նման է այսբերգի: Մենք միայն տեսնում ենք երեւացողը կողմը: Դա այն է, ինչ հետաքրքիր է մեդիային, բայց դա ամբողջ ֆուտբոլը չէ: Եթե նայես նույն «Բարսելոնային», բոլորը գիտեն, Մեսիին, Սուրաեսին ու Նեյմարին: Մյուսներին հաստատ չգիտեն ողջ աշխարհում:  

Դուք մեկնաբանում էիք ՊՍԺ- «Բարսելոնա» խաղը: Ի՞նչ կանխատեսում կանեք պատասխան խաղից առաջ:

ՊՍԺ-ն լավ թիմ է: 4-0 ից հետո «Բարսելոնան» պետք է շատ հարձակվի: Հենց դա էլ սպասելու է ՊՍԺ-ն: Եթե նրանց  հաջողվի գոլ խփել, «Բարսելոնան» պետք է արդեն 6 գոլ խփի: Հիշում եմ, երբ խաղում էի «Բարսելոնայում» մենք «Չելսիին» դրսում պարտվեցինք 1-3 հաշվով: Հետո տանը  հաղթեցինք 5-1 հաշվով: «Բարսելոնան» այս տարի միայն երեք խաղում 15 գոլ էր խփել: ՊՍԺ-ն, իհարկե, այլ պատմություն է: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Իհարկե, ավելի հեշտ է 4-0-ից հետո հետ գալ, քան եթե մեկ գոլ էլ բաց թողեն ու արդեն պետք է խփեն 6-ը: Բայց եթե աշխարհում կա մեկ թիմ, որը կարող է տանը խփել 4-6 գոլ, դա «Բարսելոնան» է:

Ինչի՞ հետ է կապված «Բարսելոնայի» խաղային անկումը: Բոլորը կապում են Խավի- Ինտիեստա զույգի հետ:

Իհարկե, Խավին յորահատուկ էր: Ինիեստան էլ այլեւս այն չէ: Դանի Ալվեսն այլեւս չկա: Խորդի Ալբան ու Մասկերանոն վնասվածք ունեն:

Ո՞վ է հաղթելու Չեմպիոնների լիգայում:

Օհ, չգիտեմ: Ատլետիկոն երկու անգամ արդեն դուրս եկավ եզրափակիչ: «Բավարիան» ու «Ռեալը»… Եթե ՊՍԺ-ն անցնի «Բարսային», հույս ունեմ նրանք շատ հեռու կանցնեն: Նրանք քանի տարի աշխատել են, իրենց թիմը սարքել: Հավատում եմ, որ նրանք էլ հնարավորություն ունեն, բայց ավելի շատ հակված եմ «Բավարիա» ու «Ռեալ» տարբերակին, քանի որ տիտղոսակիր թիմեր են, փորձ ունեն, գիտեն ինչպես հաղթել:

Քանի որ ես Հայաստանից եմ…

Գիտեմ…

Մեր երկրի գլխավոր ֆուտբոլային աստղը խաղում է Անգլիայում՝ Հենրիխ Մխիթարյանը:

Չգիտեմ նրան:

Նա «Մանչեսթեր Յունայթեդից» է:

Ես չգիտեմ այդպիսի թիմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ես «Լիվերպուլից» եմ, Մանչեսթերում միայն մեկ թիմ կա «Սիթին»: «Մանչեսթերից» էլ ոչ մի ֆուտբոլիստ չգիտեմ (ծիծաղում է): Իրականում, նա շատ լավ ֆուտբոլիստ է: Դա Մոուրինոյի ճիշտ որոշումներից էր: Նա Դորտմունդում էլ էր շատ լավ խաղում: Մրցաշարի սկզբում դժվարություններ ուներ, բայց հիմա գտավ հավասարակշռությունը: Կարծում եմ՝ նա դառնալու է շատ կարեւոր ֆուտբոլիստ «Մանչեսթեր Յունայթեդի» համար:

Անգլիայի առաջնությանը ուշադիր հետեւում եք: Ինչո՞ւ Մոուրինյոն երկար ժամանակ նրան չէր խաղացնում:

Ադապտացվելու խնդիր կար, նոր թիմ էր, նոր առաջնություն: Բացի այդ չափից դուրս շատ աստղեր՝ Ռեշֆորդը, Մատան, Պոգբան իր հարյուրմիլիոնավոր դոլար արժողությամբ տրանսֆերով:

Անգլիայի առաջնության սկզբում «Սիթին» վստահ առաջին տեղում էր, հիմա նույնը կարելի է ասել «Չելսիի» մասին: Ի՞նչ փոխվեց:

«Չելսին» սկսեց հաղթել բոլոր խաղերը, մինչդեռ մյուսները միավորներ էին կորցնում: ՄՅՈՒ-ն մրցաշարի սկզբում վատ հանդես եկավ: «Լիվերպուլը» միավորներ կորցրեց միջակ թիմերի հետ: Հետո «Սիթին» սկսեց պարտվել, «Տոտենհեմը» ոչ ոքիներ խաղալ: Իսկ Կոնտեն հաղթում էր: Բացի այդ «Չելսին» երկու տարի առաջ չեմպիոն էր: Նախորդ տարի ձախողեցին, հիմա ուզում են վերականգնվեն:

Լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը ֆուտբոլի զարգացման իր տեսակետն է հայտնել: Ըստ նրա պետք է երկու խաղակես չլինի, այլ՝ չորս, ավելանա նարնջագույն քարտ, ինչպես հոկեյում ֆուտբոլիստները կարողանան հանգստանալ: Դուք կո՞ղմ եք նման բարեփոխումներին:

Չեմ կարդացել, թե ինչ է Մարկոն ասել: Նա շատ հետաքրքիր մարդ է: Ֆուտբոլում միշտ կարելի է նոր բաներ գտնել. բայց մենք խոսում ենք մի մարզաձեւի մասին, որն ունի 150 տարվա պատմություն, կան ավանդույթներ: Բայց կան փոքր բաներ, որ կարելի է փոխել: Օրինակ՝ գոլերի կրկնապետկերը: Բայց այլ բան է փոխել խաղակեսերի երկարությունը: Տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ մրցավարներ են ավելացել… բայց ինչքա՞ն հեռու կարելի է գնալ: Կարծում եմ՝ կան սահմաններ:

Այսինքն ավելի շատ դեմ եք:

Մենք պետք է ստուգենք ամեն բան, որոնք ֆուտբոլն ավելի կգեղեցկացնեն: Բայց եթե շատ բան փոխենք, դա կլինի այլ մարզաձեւ: Ֆուտբոլը սիրում են հենց այնպես, ինչպիսին որ կա:

Եթե ֆուտբոլիստ չլինեիք, ինչո՞վ կզբաղվեիք:

Ես մինչեւ 14արեկանը զբաղվում էի հոկեյով: Հետո թողեցի ֆուտբոլի համար:

Չեմ թաքցի, որ ինձ համար Դուք բոլոր ժամանակների ամենագեղեցկադեմ ֆուտբոլիստն եք: Ինչպե՞ս է հաջողվում այսպիսի լավ տեսք պահպանել:

Դե ես 25 տարեկան եմ: Միշտ դա եմ ասում: Իրականում ամեն բան պարզ է: Ես առողջ եմ ապրում: Շուտ եմ պառկում քնելու, սնվում եմ առողջ: Հիմնականում ուտում եմ մրգեր, բանջարեղեն, ձուկ: Միս էլ եմ ուտում, բայց երեւի շաբաթը մեկ անգամ: Լինում է, որ ինչ-որ առիթով պիցցա էլ կուտեմ, գինի էլ կխմեմ: Բայց դա լինում է առիթից առիթ: Չեմ ծխում, սպորտով եմ զբաղվում:

Շնորհակալություն, միշտ հաճելի է Ձեզ հետ զրուցել:       

Խնդրեմ: Ես էլ ավելացնեմ, որ Հայաստանում եղել եմ երկու անգամ: Առաջին անգամ երբ եկա Ֆինլանդիայի հավաքականի կազմում, իմ ավագ թիմակիցներս պատմեցին, որ Հայաստանը հայտնի է իր «Արարատ» կոնյակով: Հիմա duty free–ում միշտ աչքիս ընկնում է Արարատը ու հիշում եմ Հայաստանի մասին:

Վերա Մարտիրոսյան