21-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը փորձաշրջան է անցնում «Կրասնոդարում»: Այդ մասին հայտնի է դարձել NEWS.am-ին: Ֆուտբոլիստի վերջին թիմը մակեդոնական «Վարդարն» էր, որի հետ անցյալ տարի պայմանագիրը խզելուց հետո, ֆուտբոլիստն ստացավ ազատ գործակալի կարգավիճակ: 

Միրանյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Դոնեցկի «Շախտյորում»: Նա հինգ անգամ իր թիմին դուրս է բերել խաղադաշտ որպես ավագ UEFA-ի պատանեկան Լիգայի խաղերում, իսկ Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների առաջնությունում անցկացրել է 43 խաղ, խփել 31 գոլ:

Միրանյանը 17 խաղ է անցկացրել Ուկրաինայի Մ 17,18,19  հավաքականների կազմում, որտեղ խփել է 8 գնդակ, որից հետո ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում:  FIFA-ի թույլտվությունը ստանալուց հետո նա 8 խաղ  է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որտեղ դարձել է մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ՝ հաղթելով թուրքական «Ֆեներբախչեին»:

Վերա Մարտիրոսյան